Բավ է պառակտվել
16-07-2018 20:46

Շահումյանի անվան դպրոցի տնօրենը մեղադրվում է յուրացումների և պաշտոնեական դիրքի չարաշահման համար

Ավարտվել է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին և տեխնիկական բաժնի աշխատողին:

Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ. Սաքանյանը, 2012 թվականից հանդիսանալով Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն, նույն դպրոցի տնտեսվարի և տեխնիկական աշխատողի օժանդակությամբ շարունակաբար յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը` կազմակերպված խմբի կողմից) և 308-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական դիրքի չարաշահումը) մասով տնտեսվարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (կազմակերպված խմբի կողմից յուրացնելուն կամ վատնելուն մասնակցելը) , իսկ տեխնիկական աշխատողին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով յուրացնելուն կամ վատնելուն մասնակցելը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ):

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: