Բավ է պառակտվել
18-09-2017 11:00

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել 1800 մասնակցի՝ աշխարհի 71 երկրից

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովը, որը կրում է « Փոխադարձ վստահություն, միասնություն և պատասխանտվություն» խորագիրը, մեկնարկել է Երևանում, այսօր՝ սեպտեմբերի 18-ին:

« Ողջունում եմ ձեզ հայրենիքում: Այսօր մենք ամփոփում ենք «Հայաստան- Սփյուռք» 5-րդ համաժողովի արդյունքները, որից հետո անցել է երեք տարի, և նախանշում հետագա անելիքները»,- համաժողովի բացմանը ասել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքերով, համաժողովի աշխատանքների արդյունքներով Սփյուռքի նախարարությունը մշակել է բազմաթիվ ծրագրեր, և աշխատանքներն ուղղվել են Հայրենիքի հետ սփյուռքի կապերի ամրապնդմանը:

«Համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել ավելի քան 1800 հայազգի ներկայացուցիչների՝ 71 երկրից: Ուրախալի է, որ նրանց թվում 35%-ից ավելին կանայք են, 25%-ից ավելին՝ երիտասարդներ: Համաժողովին մասնակցում է ավելի քան 90 խմբագիր և լրագրող:

Մեծ պատվիրակություններ են ժամանել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից և Արցախից»,- նշել է Հակոբյանը:

Նա ընդգծել է, որ համաժողովին մասնակցում են պատգամավորներ, նախարարներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ՝ տարբեր երկրներից: Համաժողովին առաջին անգամ մասնակցություն են ունենում ներկայացուցիչներ Մալայզիայից, Ճապոնիայից, Մեքսիկայից, Սուդանից: Համաժողովի աշխատանքը լուսաբանելու համար հավատարմագրվել է ավելի քան 250 լրագրող:

«Օրակարգը շատ հագեցած է, այն ներառում է Հայրենիքի անվտանգությանն ու պաշտպանությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր: Համաժողովը հայտարարում եմ բացված»,- ասել է Հակոբյանը:

Համաժողովը, որն ընթանալու է սեպտեմբերի 18- 20-ը, նվիրված է մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը, ինչպես նաև «Էրեբունի- Երևան -2800» տոնին:

Համաժողովին մասնակցություն են ունենում գերատեսչությունների ղեկավարներ, փորձագետներ ՀՀ-ից և Արցախից, ինչպես նաև Հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլյանը: Համաժողովին հաշվետվություններով հանդես կգան սփյուռքի Բելգիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Արգենտինայի, Լիբանանի, Պորտուգալիայի, Կանադայի, Իրանի, Ռումինիայի, ԱՄԷ-ի և Սիրիայի կառույցների ներկայացուցիչները:

Համաժողովի բացման արարողությանը հանդես կգան ՀՀ և Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Օրակարգում ներառված են նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանի ելույթները:

Համաժողովի աշխատանքում առաջին անգամ տարանջատվել են չորս գլխավոր ուղղություն՝ «Հայաստանի տնտեսության զարգացումը», «Տարածաշրջանային մարտահրավերները և ազգային անվտանգության օրակարգը», «Արտաքին քաղաքականության օրակարգը և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը» և «Հայապահպանության հիմնախնդիրները»:

Այդ ուղղություններով աշխատանք տանելու համար ընտրվել են համապատասխան գերատեսչությունները՝ պաշտպանության նախարարությունը, ԱԳՆ-ն, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, ինչպես նաև սփյուռքի նախարարությունները:

«Հայաստան- Սփյուռք» 6-րդ համաժողովին իրենց նվաճումները կներկայացնեն կրթական հաստատությունները, ինչպես նաև գինու, կոնյակի և տեքստիլի արտադրողները: Իր տնտեսական և մշակութային նվաճումները կներկայացնի նաև Արցախը: