Բավ է պառակտվել
26-08-2020 12:34

«Եթե կորոնավիրուսի դեպքերը դպրոցում լինեն 10% եւ ավելին, ապա նման դպրոցները չեն գործի» ԿԳՄՍ փոխնախարար.

 

«Պարետի ցուցումով հրապարակվել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը»,֊այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Վերջինս մանրամասնեց՝ ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնց համար գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, և նրանք կկարողանան առանձին հաճախել դպրոց առաջին օրը։ Սահմանափակում է դրված ուղեկցող անձանց թվի մեջ՝ 1 անձի ուղեկցությամբ կարող են գնալ դպրոց՝ հաշվի առնելով ընդհանուր հակահամաճարակային վիճակը։

Յուրաքանչյուր դպրոցում նշանակվում է COVID-ի հսկողության պատասխանատու, ով պատասխանատու է լինելու համաճարակաի կանխարգելման պայմանները պահպանելու համար։ Ի պաշտոնե պատասխանատուն դպրոցի տնօրենն է։

Մինչ դասերի սկսելը՝ դպրոցներում պետք է կատարվեն նախապատրաստական աշխատանքներ՝ պետք է իրազեկում իրականացվի ուսուցիչների շրջանում, կատարվեն համապատասխան գծանշումներ, դպրոցները պետք է ապահովվեն անհարժեշտ պարագաներով և այլն։ Կարևորվում է բուժքրոջ ակտիվությունը կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման գործում։

Ուսումնական հաստատությունները պետք է ապահովվեն պաշտպանիչ և ախտահանիչ միջոցներով, որոնց ձեռք բերման համար օգտագործվելու են տարբեր աղբյուրներ։ Նախարարությունը հավաքագրել է դպրոցներում խնայողությունների մասին տեղեկատվությունը, որի հիմնական աղբյուրները եղել են նախորդ կիսամյակում՝ այսինքն գարնանը ձևավորված խնայողությունները։

Պետք է հստակ գծագրվի դպրոցներում մուտքի և ելքի, տեղաշարժի կանոնները՝ մինիմումի հասցնելով աշակերտների ինտենսիվ շփումը։ Կանոններ են սահմանվել դպրոցի ներսում՝ աշխատակիցների և սովորողների շփումների նվազեցման ուղղությամբ։

Անդրադառնալով դիմակներիննշեց  որ  այն կրելու  մասով գործում է ընդհանուր կարգավորումը, որն առկա է փակ տարածքներում:

Իսկ  դիմակների մասով ոչ թե հավելյալ կարգավորում է սահմանված, այլ գործելու է այն ռեժիմը, որն այս պահին առկա է պարետատան ցուցումով։

«Մենք գործում ենք նաև ԱՀԿ-ի ցուցումներին համապատասխան, միաժամանակ, քննարկվում ենք նաև երեխաների կողմից դիմակների կրման իրավիճակային հնարավորությունները։ Այս մասով մեր գործընկներների հետ քննարկումներից հետո՝ կկարողանանք նաև հստակ տեղեկատվություն տալ»։

Նա նշեց, որ կորոնավիրուսային ռիսկը բարձրանում է շփման դեպքում, դրա համար այնպիսի կանոններ են սահմանել, որոնք հնարավորություն են տալու հնարավորինս նվազեցնել շփման ինտենսիվությունը, դրանցից են, օրինակ դպրոցներում ոչ բոլոր հնարավոր մուտքների օգտագործումը, դասարանների համար այդ մուտքերի առանձնացումը՝ ըստ դասասենյակի մոտ գտնվելու հանգամանքի:

«Դպրոցում ուսումնական գործընթացի կազմակերպումը ելնելու է նրանից, թե ինչ միջին խտության դասարաններ ունենք, եւ ինչպես հնարավոր կլինի ապահովել սոցիալական հեռավորությունը: Առաջարկել ենք մինչեւ 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացն իրականացվի՝ ուղղակի պահպանելով համաճարակային ընդհանուր կանոնները, իսկ այն դպրոցների պարագայում, որտեղ դասարաններում ավելի քան քսան երեխա կա, դասարանները պետք է կիսվեն խմբերի, դպրոց հաճախեն հերթականությամբ, շաբաթական երեք օր: Սա հնարավորություն է տալու կրճատել միաժամանակ դպրոցում գտնվողների թիվը:

Ուսուցիչներն, իրարկե, կարիք կունենան կարգավորել ուսումնական գործընթացը եւ առարկայի ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի նման դասացուցակի պարագայում փոխանցել նախատեսված նյութը: Պարտադիր է ամեն օր դպրոցի ախտահանումը, ուսուցիչները հավելյալ աշխատելու դեպքում պետք է ապահովվեն հավելյալ վարձատրությամբ»,-ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:

Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ առողջապահության նախարարությունը սահմանել է, որ դպրոցում 10 տոկոս և ավելի կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման դեպքում դպրոցի հետագա գործունեության հարցը կդրվի։ «Բոլոր դեպքերում կլինեն առանձին մոտեցումներ՝ կախված համաճարակային իրավիճակից և ցուցումներից»։

Ըստ Անդրեասյանի  այն ուսուցիչները, որոնք առողջական խնդիրների եւ տարիքի պատճառով գտնվում են կորոնավիրուսային ծանր զարգացման ռիսկի խմբում, կունենան ընտրության մի շարք հնարավորություններ: Նրանց առաջարկվել է դպրոց  հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք  կտրամադրի պետությունը, կարող են նաեւ դասերը հեռավար կազմակերպել:

 

 

Արմինե  Գևորգյան