Բավ է պառակտվել
10-11-2021 11:44

Շոյգուն հայտարարել է Ռուսաստանում Ս-550 հակաօդային պաշտպանության նոր համակարգի ստեղծման մասին

Ռուսաստանում հակաօդային պաշտպանության նոր Ս-550 համակարգ է ստեղծվում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում զինված ուժերի ղեկավարության հետ կայացած կոնֆերանսի ժամանակ։

Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ ՊՆ ղեկավարը զինվորականներին հայտնել է, որ նոյեմբերի 1-ից 3-ը նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մի շարք հանդիպումներ է անցկացրել պաշտպանության նախարարության ղեկավարության և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։

«Քննարկվել են միջոցներ Ռուսաստանի սահմանների մոտ իրավիճակի փոփոխություններին համարժեք արձագանքելու համար: Մեծ ուշադրություն է դարձվել երկրի օդատիեզերական պաշտպանության համակարգի կատարելագործմանը: Երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է հայրենական ՀՕՊ-ՀՀՊ համակարգերի առաջանցիկ զարգացման կարևորությունը, զինված ուժերին Ս-350, Ս-500, Ս-550 համակարգերի մատակարարում»,- ասվում է ՊՆ-ի հայտարարության մեջ:

Ս-550 համակարգի բնութագրերը նախկինում չեն հաղորդվել։

Բաց աղբյուրների համաձայն, Ս-550 էր կոչվում կարճ հեռահարության կասեցման հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը մշակվել էր ԽՍՀՄ-ում 1980-ականներին։ Ս-550 նախագիծը, ինչպես նաև պաշտպանական մի շարք այլ զարգացումներ, դադարեցվել էին 1986 թվականին ԽՍՀՄ և ԱՄՆ առաջնորդներ Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։ Որոշ ռեսուրսներ հայտնում են, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ս-550 նախագծի աշխատանքների շրջանակներում ստեղծված պաշարները ոչնչացվել էին, իսկ համալիրի փորձնական օրինակը վերացվել էր 1992 թվականին։

ՀՕՊ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ և ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Այտեչ Բիժևը երեքշաբթի «Ինտերֆաքս»-ին ասել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Ս-550 նախագծի մասին։

Ս-350 «Վիտյազ»-ը («Ալմազ-Անթեյ» կոնցեռն ) հակաօդային պաշտպանության միջին հեռահարության շարժական բազմալիք համակարգ է։ Նախատեսված է կառավարական, արդյունաբերական, ռազմական օբյեկտները և զորամիավորումները օդային հարձակման ժամանակակից և հեռանկարային զենքերից պաշտպանելու համար: Համակարգը կարող է ոչնչացնել օդային թիրախները 120 կմ-ից ավելի հեռավորության վրա և 30 կմ-ից ավելի բարձրության վրա: Համալիրն ընթացքից մարտական ​​պատրաստության բերելու ժամանակը չի գերազանցում հինգ րոպեն։ Հունվարին ՊՆ-ն հայտնել էր, որ նախատեսվում է առաջին զենիթահրթիռային գունդը վերազինել Ս-350-ով 2021 թվականին։ Նախկինում Ս-350 համակարգն օգտագործվում էր Լենինգրադի մարզում գտնվող ուսումնական կենտրոնում մասնագետների պատրաստման համար:

Մայիսին Հարավային ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը հայտարարեց, որ Հարավային ռազմական օկրուգը սպառազինվել է Ս-350-թվ։ «Շրջանի զենիթահրթիռային գնդերից մեկն արդեն սկսել է վերազինվել այս նոր մոդելով»,- այն ժամանակ ասել էր Դվորնիկովը։ Ինչպես հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, խոսքը գնում է Կրասնոդարի երկրամասում տեղակայված գնդի մասին։

Նոյեմբերի 8-ին Դվորնիկովը հայտնել է, որ նոր Ս-350 Վիտյազ համակարգերը պատրաստվում են մարտական ​​հերթապահություն ստանձնել Ռուսաստանի հարավում։

Ս-500 «Պրոմեթեյ»-ը հակաօդային պաշտպանության հեռահար համակարգերի նոր սերունդ է, որը կարող է թիրախներ խոցել տիեզերքում:

2021 թվականի ամռանը փոխվարչապետ Յուրի Բորիսովն ասել էր, որ ռուսական բանակին Ս-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համակարգի սերիական մատակարարումները կսկսվեն այս տարի։ «Ալմազ-Անթեյ» կոնցեռնն ապրիլին հայտարարեց, որ ավարտում է այս համակարգի վրա աշխատանքները։