Բավ է պառակտվել
13-04-2020 18:11

ԴԱՀԿ –ն տուգանքները կգանձի մայիսի 14–ից հետո


ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստում, ներկայացնելով արտակարգ դրության ռեժիմի ժամանակ գործող փոփոխությունները, հայտնեց, որ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու ու կայանատեղիների տուրքը չվճարելու տուգանքները չեն գանձվի մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը՝ մայիսի 14-ը։ 
Մայիսի 14-ից հետո այդ տուգանքներն ամբողջ ծավալով կգանձվեն։
Նախարարի ելույթին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանելով թե ինչու պետք է շարունակել արտակարգ դրությունը: Նա ասաց, որ համաճարակային թվերի առումով մենք անկառավարելի իրավիճակ չունենք. «Բայց պետք է արձանագրենք մի շատ կարեւոր ռիսկ, որի առաջ մենք գտնվում ենք: Պարետատան որոշմամբ թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է եւ սա արվել է մի քանի նկատառումներով: Մենք բոլորս հասկանում ենք, որ սա կրկին բերում է ռիսկի, որ թվերը կրկին կսկսեն աճել , եթե մեր քաղաքացիները հնարավոր ամենախիստ ձեւով չպահպանեն նախ՝ իրենց համաճարակային անվտանգության կանոնները: Եթե այդ կանոնները ճշգրիտ պահվեն, վարակվելու հավանականությունն էականորեն կփոքրանա, բայց մյուս կողմից, երբ տնտեսական գործունեության դաշտն ընդլայնում ենք, մենք պետք է հասկանանք, որ դրանով նաեւ ռիսկեր ենք առաջացնում: Իհարկե սահմանափակելն այլ կարգի ռիսկեր է առաջացնում»:

Կառավարության նախագծով ուժը կորցրած է ճանաչվում ԶԼՄ–ների սահմանափակումներին վերաբերող գլուխը։
«Եթե հետագայում մոնիտորինգը ցույց տա, որ այսպես կոչված ֆեյքային նորությունները լայն ծավալում կստանան, մենք, կառավարության որոշմամբ, կարող ենք վերադառնալ և կիրառել նույն սահմանափակումները», - նշեց արդարադատության նախարարը:
Նշենք, որ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև մայիսի 14-ը։

 

 

Արմինե Գևորգյան