Բավ է պառակտվել
22-01-2020 14:24

Տուգանքներ և միավորներ. ինչի՞ համար և որքա՞ն ստիպված կլինեն վճարել հայ վարորդները

Հունվարի 1–ից Հայաստանում ուժի մեջ են մտել “Վարչական պատասխանատվության մասին” օրենքում կատարված փոփոխություններն ու վեց հարակից օրենքները, որոնք նախատեսում են ճանապարհային երթևեկության անվտանգության գնահատման բալային համակարգի ներդրում։ Ամեն վարորդի տարեկան տրվում է 9 բալ։ Ի՞նչ է նախատեսում նոր համակարգը, ո՞ր խախտումների դեպքում վարորդը կարող է զրկվել վարելու իրավունքից, ինչպե՞ս խուսափել տուգանքներից։ Պարզաբանենք այս և մի շարք այլ հարցեր։


Ինչո՞ւ են հարկավոր փոփոխությունները
Իրավիճակը հայաստանյան ճանապարհներին վերջին տարիներին շարունակում է անմխիթար մնալ. աճում է ինչպես ավտովթարների, այնպես էլ երթևեկության կանոնների խախտումների թիվը։ Ճանապարհային ոստիկանությունում նշում են, որ տուգանքների խստացումը չի հանգեցնում ՃՏՊ–ների թվի նվազմանը, այլ միայն վրդովմունք է առաջացնում հասարակության շրջանում։
Ելնելով սրանից առաջացավ վարորդների իրավունքները սահմանափակող մեխանիզմների ստեղծման անհրաժեշտություն, մասնավորապես, տուգանքների բալային համակարգի ներդրման հաշվին։ Նոր մոտեցմամբ առաջարկվում է հրաժարվել “իրավախախտում–տուգանք” համակարգից` հօգուտ “իրավախախտում – տուգանք + տուգանային բալ” համակարգի, ինչը կբարձրացնի վարչական իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը։ Օրինագծում վերանայվել են որոշ տուգանքների չափերը` կախված հանրային վտանգավորության մակարդակից։ Վերանայված 100 իրավախախտումներից 26–ի դեպքում առաջարկվում է տուգանքների նվազեցում․ 10–ի դեպքում` 50 տոկոս, իսկ 7–ի դեպքում` ավելի քան 50 տոկոսով նվազեցում։ Որոշ խախտումների դեպքում, ընդհակառակը, տուգանքները կխստանան։ Օրինակ, եթե մեքենան վարող անձի վարորդական իրավունքն ուժի մեջ չէ, հնարավոր է հայտնվել կալանքի տակ մինչև 2 ամիս ժամկետով և մեկ տարով զրկվել վարորդական իրավունքից։


Ինչպե՞ս է աշխատում բալային համակարգը
Վարորդներին 1 տարվա համար հատկացվում է 9 միավոր։ Տուգանքներից բացի, ամեն խախտման համար կհանվեն տուգանային միավորներ։ Դրանց չափը սահմանված է ելնելով խախտման հանրային վտանգավորության աստիճանից ու քանակից։ 9 միավորը սպառելու դեպքում վարորդը 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքից, ինչից հետո նորից կստանա 9 բալ։ Երկրորդ անգամ 9 բալը սպառելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից արդեն մեկ տարով։ Վարորդական իրավունքը հնարավոր կլինի վերականգնել տեսական և գործնական քննություն հանձնելուց հետո: Միևնույն ժամանակ, վեց ամսով վարորդական իրավունքից զրկված վարորդները հնարավորություն ունեն ժամկետից շուտ վերադարձնել վարորդական իրավունքը։ Դրա համար անհրաժեշտ է տեսական քննության թեստ հանձնել, բայց վարորդական իրավունքից զրկվելուց հետո երեք ամսից ոչ շուտ։ Ընդ որում, եթե վարորդի հաշվին քիչ բալեր են մնացել, նա հնարավորություն ունի մեկ անգամ համալրել միավորները` հանձնելով տեսական քննություն և ստանալով երկու “բոնուսային” միավոր։

Ղեկին ես չեմ, ինչպե՞ս կհանվեն միավորները
Նոր համակարգի ներդրումը անհանգստություն է հարուցել այն վարորդների շրջանում, ովքեր իրենց ավտոմեքենան տրամադրել են ծանոթներին կամ բարեկամներին։ Օրինակ՝ ձեր մեքենան վարում է եղբայրը, քույրը կամ հայրը։ Եթե նածկինում տուգանքները գալիս էին ձեր անունով, բայց վճարում էր մեքենան վարողն, այժմ ցանկացած խախտման դեպքում բալերը ձեզնից են հանվելու։ Սա լուրջ է, եթե դուք ունեք մեկ այլ մեքենա, որն ինէներդ եք վարում։ Դեռևս պարզ չէ, ինչպես են հանելու միավորներ այն վարորդներից, ովքեր չունեն վարորդական իրավունք։ Բացառված չէ, որ տվյալ դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի ամենախիստ պատիժն` առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելը նախատեսում է քրեական պատասխանատվություն։ Ի դեպ, հարկ է նշել, որ ըստ նոր օրենքի մեքենայի սեփականատերը պետք է տեղեկացնի, թե ով է վարում իր տրանսպորտային միջոցը։ Եթե մեքենան վարում է մի քանի վարորդ կամ կա այլ անձի կողմից մեքենան վարելու լիազորագիր, ապա նրանց հնարավոր է գրանցել առցանց հարթակում, որտեղ անձնական տվյալների գրանցման միջոցով կարելի է նշել տվյալ տրանսպորտային միջոցը վարող միանգամից մի քանի վարորդի։ Հետևաբար տուգանքներն էլ կբախշվեն այդ վարորդների միջև։ Տվյալները համակարգ մուտքագրելու համար հարկ է նշել սոցքարտի համարը, տրամսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, կոնտակտային տվյալներ։ Նման դեպքերում, ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելիս, եթե փաստացի վարորդը հայտնի չէ և տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվին գրանցված է բալային համակարգում ներառված երեք և ավելի խախտում՝ հայտարարվում է հետախուզում վարորդի ինքնությունը պարզելու համար։


Ինչպե՞ս իմանալ, քանի բալ ունեմ
Ի՞նչ պետք է անի վարորդն, ով արդեն մի քանի անգամ տուգանվել է, սակայն չգիտի կամ չի հիիշում, թե որքան բալ է նրանից հանվել։ Ամեն ինչ շատ պարզ է։ Առաջին հերթին, խախտման դեպքում վարորդին կտեղեկացնեն վարչական տուգանքի մասին, նա ինքը կարող է հաշվել իր բալերը։ Երկրորդը, կարելի է օգտվել առցանց համակարգից, որտեղ հնարավոր է գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Այստեղ կարելի է ծանոթանալ վարորդի նկատմամբ ընդունված որոշումների, վարչական տուգանքների նշանակման հետ, հետևել սեփական տուգանային բալերի հաշվեկշռին։ Բացի այդ, այս համակարգում կարելի է բաժանորդագրվել և կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ստանալ վարչական տուգանքի նշանակման մասին էլեկտրոնային ծանուցումներ։ Համակարգի միջոցով հնարավոր է նաև օգտատիրոջը (վարորդին) կցել տրանսպորտային միջոցին, ինչպես նաև կնքել տրանսպորտային միջոցի էլեկտրոնային առք ու վաճառքի պայմանագիր և ներկայացնել գրանցման էլեկտրոնային հայտ։

Վարձով բալեր
Բալային համակարգի ներդրումը առիթ տվեց հերթական անգամ ցուցադրել ազգային հնարամտությունը. էլեկտրոնային հարթակներում սկսեցին հայտնվել բալերը վարձով տալու “հետաքրքիր” առաջարկներ։ Էությունն այն է, որ մարդն, ով ունի վարորդական իրավունք, սակայն չունի ավտոմեքենա, վաճառում է իր բալերը։ Մեկ այլ օրինակ, դուք ունեք մեքենա, սակայն օգտագործել եք ձեր բալերը և “գնում եք” ուրիշի բալերը, որպեսզի կարողանաք վարել մեքենա։ Դրա համար “գործարքը ձևակերպելուց” հետո պետք է այդ վարորդին գրանցել որպես ձեր տրանսպորտային միջոցից օգտվող և նրա անունով ձևակերպել ձեր տուգանքները, և բալերը կհանվեն նրանից։ Բնական է, որ նման գործարքներն օրինական չեն, այդ պատճառով մի զարմացեք, եթե դրանցով հետաքրքրվեն իրավապահ մարմինները։


Պատժամիջոցներ երթևեկության կանոնների խախտման համար
Վարորդները պետք է նաև իմանան, որ որոշ խախտումների դեպքում նախատեսված են պատժամիջոցներ, որոնց հետևանքով վարորդները զրկվում են մեքենա վարելու իրավունքից։ Այդ պատժամիջոցների թվում են առանց թույլտվության մեքենայի վրա ոստիկանության, “շտապ օգնության” փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշանների տեղադրումը, առանց համարանիշի կամ կեղծ համարանիշով մեքենա վարելը, հանրային տրանսպորտի “դեղին” համարանիշերի անօրինական օգտագործումը, ՃՈ տեսուչի` մեքենան կանգնեցնելու պահանջին չենթարկվելը, արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը։ Նախկինում այս խախտման դեպքում նախատեսված էր 200 հազար դրամի տուգանք (մոտ 420 դոլար)։ Վարորդական իրավունքից զրկվելու դեպքում կամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար տուգանքից բացի նախատեսված է կալանք մինչև 2 ամիս ժամկետով, ինչպես նաև վարորդը 1 տարով զրկվում է զբաղեցնել որոշ պաշտոններ և կատարել որոշ գործուենություն։ Ինչ վերաբերում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելուն, ապա այստեղ արդեն պատժամիջոցները խստանում են, մասնավորապես, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքում կարելի է 1 տարով զրկվել վարորդական իրավունքից, իսկ եթե վարորդը հրաժարվում է զննություն անցնել սթափության վիճակը ստուգելու համար՝ վարելու իրավունքից զրկվում է 2 տարով։
Հասարակական տրանսպորտը և տաքսիները ոչ սթափ վիճակում վարելու դեպքում վարորդը զրկվում է վարելու իրավունքից 6 ամիս ժամկետով, իսկ եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ, ապա վարորդը զրկվում է վարելու իրավունքից 2 տարի ժամկետով։ Նոր համակարգով նախատեսվում է քրեական պատասխանատվություն երթևեկության կանոնների մի շարք խախտումների դեպքում, եթե դրանք կրկնվել են մեկ տարվա ընթացքում։

Կորցնում ես միավորներ
Նոր համակարգը տուգանքներ է նախատեսում գրեթե բոլոր հիմնական խախտումների համար։ Ըստ օրենքի, վարորդը 0,5 միավոր կկորցնի անընթեռնելի համարանիշով մեքենա վարելո ւ, կանգառի և կայանման կանոնները խախտելու դեպքում, այդ թվում`եթե սխալ կայանման պատճառով այլ վարորդներ ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը, եթե սխալ կայանման կամ կանգառի պատճառով մեքենան տարհանվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը 1 միավոր կկորցնի խաչմերուկներում անցման կանոնները խախտելու, հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու, վազանցի կանոնները խախտելու, մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելու դեպքում։ 1 միավոր կկորցնեն նաև այն վարորդները, ովքեր չեն կատարի հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները, կծխեն մեքենայում կամ կխոսեն հեռախոսով, կվարեն մեքենան առանց անվտանգության գոտիներն ամրակապելու (առանց սաղավարտի` մոտոցիկլետի դեպքում)։
2 բալ կհանվի արագությունը 11–30 կմ/ժ–ով գերազանցելու, համարանիշի առնվազն մեկ նիշը փակելու, ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենքը խախտելու դեպքում, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն, լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելու դեպքում։
3 բալ կհանվի համարանիշն այլ անձի հանձնելու, միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ, այդ թվում` հետընթաց վարելու դեպքում, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում (եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ խոչընդոտը շրջանցելու հետ), արագությունը 31–50 կմ/ժ–ով գերազանցելու դեպքում։
4 բալ կհանվի արագությունը 51–80 կմ/ժ–ով գերազանցելու և անսթափ վարելու դեպքում։

ՃԵԿ խախտումների համար տուգանքների և բալերի աղյուսակ

Ի գիտություն
Միգուցե ձեզ հետաքրքրի, թե ինչպես են Գերմանիայում սովորեցրել վարորդներին հետևել ճանապարհային երթևեկության կանոններին։ Այնտեղ գոյություն ունի, այսպես կոչված, “Իդիոտեն թեսթ” (Թեսթ հիմարի համար)։ Այն ենթադրում է, որ եթե վարորդը երկրորդ անգամ խախտել է արագության ռեժիմն, ընդ որում, օրենքին համաձայն վճարել է աստղաբաշխական տուգանքը, ապա հերթական ծանուցման հետ նա ստանում է նաև “Իդիոտեն թեսթ” անցնելու ուղեգիր։
Բանն այն է, որ Գերմանիայի կառավարությունը համարում է, որ ձեզ “տեղ չի հասել” ո´չ առաջին, ո´չ երկրորդ անգամից և և դուք խախտում եք ՃԵ կակոնը երրորդ անգամ, ապա դուք (ներեցեք) պարզապես հիմար եք։ Ընդ որում, ձեզ կզրկեն վարորդական իրավունքից, իսկ թեսթն անցնելու համար դուք պետք է այցելեք հոգեբանի, իսկ դա բավականին թանկ “հաճույք” է, և հաստատ չէ, որ կկարողանաք հանձնել թեսթն առաջին անգամից (ի դեպ թեսթի համար նույնպես պետք է վճարել)։ Թեսթն անցնելու համար պետք է 40 անգամ այցելել հոգեբանին (իսկ դա մոտավորապես 700 եվրո է), յուրաքանչյուր այցից հետո կնիք են դնում, որը հաստատում է, որ դուք ազնվորեն անցել և վճարել եք այցի համար։ Այնուհետև դուք գնում եք թեստը հանձնելու, որում կան այնպիսի “նենգ” հարցեր, ինչպիսիք են, օրինակ. “Պատկերացրեք, որ դուք արբած կանգնած եք փողոցում, իսկ մոտակայքում մի կնոջ մոտ սրտի կաթված է սկսվում։ Եթե դուք նրան չօգնեք՝ նա կարող է մահանալ։ Ձեր գործողություննե՞րը”։ Սովորական պատասխանները՝ “կնստեմ ղեկին և կփրկեմ կնոջը” “շտապ օգնություն կկանչեմ” կամ “տաքսի կկանգնեցնեմ” չեն անցնում։ Ճիշտ պատասխանը միայն մեկն է. “Հարգելի հոգեբան, ես նույնիսկ չեմ կարող նման իրավիճակ պատկերացնել, երբ ես արբած փողոցում կանգնած լինեմ, քանի որ ես ընդհանրապես չեմ խմում”։ Այնպես որ, ավելի լավ է չխախտել երթևեկության կանոնները։ Մաղթում ենք կանաչ ճանապարհ։