Բավ է պառակտվել
18-10-2021 11:53

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանցիները ամրացնում են դիրքերը և բետոնապատում ճանապարհները․ Հայաստանի ՄԻՊ-ն ահազանգում է

Հայաստանի Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները, ահազանգում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Հայաստանի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել․ շարունակվում է նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելանում է զինծառայողների քանակն ու սպառազինությունը, անընդհատ կատարվում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:
“Խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական (զորքի) անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է: Նրանք ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով”,- նշում է Թաթոյանը:

Նշվում է, որ այս տվյալները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման փատահավաք աշխատանքների շրջանակում հաստատվել են հավաստի ապացույցներով ու մի քանի աղբյուրով ստուգված տվյալներով:

“Սրանք ադրբեջանական այն դիրքերն են, որտեղից ադրբեջանական զինծառայողները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարում են ահաբեկչական հանցավոր արարքներ. պարբերաբար կրակում են Գեղարքունիքի Վերին Շորժա, Սոթք, Կութ և մյուս գյուղերի ու մասնավորապես՝ քաղաքացիական տների վրա, զանգվածաբար հրդեհում քաղաքացիական բնակիչների արոտավայրերն ու խոտհարքները: Այս դիրքերի ծառայողներն են կատարել ՀՀ բնակիչների կենդանիների մեծաքանակ գողություններ”,- արձանագրում է Օմբուդսմենը:

Թաթոյանն ընդգծում է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը Հայաստանի Հանրապետության գյուղերի հարևանությամբ ու այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում բացահայտ հանցավոր բնույթի է, այն ինքնին ոտնահարում է գյուղերի բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և այլ կենսական իրավունքներ, խաթարում է մարդկանց խաղաղ կյանքը:

Մարդու իրավունքների պաշտպանը հերթական անգամ պահանջում է անհապաղ սկսել ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթացը:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկը տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

“Ակնհայտ է, որ ադրբեջանական հանցավոր արարքների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմք և մինչև հանցագործները չպատժվեն, խախտումները չեն վերացվի, և մարդկանց անվտանգությունը չի ապահովվի”, - ամփոփում է Թաթոյանը: