Բավ է պառակտվել
01-02-2023 12:48

Ադրբեջանական նավթային ընկերության նախկին տնօրենի որդին 20 միլիոն դոլար արժողությամբ բնակարան ունի Լոնդոնում. OCCRP հետաքննությունը

OCCRP-ի լրագրողներին առաջին անգամ հաջողվել է հայտնաբերել շքեղ անշարժ գույք, որը պատկանում է Ադրբեջանի Հանրապետության պետական ​​նավթային ընկերության (SOCAR) նախկին նախագահ Ռովնագ Աբդուլաևի ընտանիքի անդամին։

Մինչև անցյալ տարի Աբդուլլաևի գլխավորած հսկայական պետական ​​ձեռնարկությունը քննադատության էր ենթարկվում թափանցիկության պակասի և ադրբեջանական էլիտաներին, այդ թվում՝ հավանական է, ընկերության նախկին նախագահի հարազատներին հարստացնելու համար։

Ադրբեջանի ներկայիս էկոնոմիկայի փոխնախարար Ռովնագ Աբդուլաևը, բացի իր պաշտոնական աշխատավարձից, եկամուտի այլ հայտնի աղբյուրներ չունի:

Այնուամենայնիվ, մեզ հասած կորպորատիվ փաստաթղթերից հետևում է, որ նրա 28-ամյա որդին՝ Ռաշադը, էլիտար բնակարան ունի Գրոսվենոր սքուայր թիվ 20 հասցեում, որը հայտնի շենք է Լոնդոնի ամենաթանկ շրջաններից մեկում։ Նա գույքը գնել է 2019 թվականին 17,3 միլիոն ֆունտ ստերլինգով (22,4 միլիոն դոլար) Գերնսիում գրանցված օֆշորային ընկերության միջոցով, որի շահառուների ռեգիստրy փակ է։

Այս բազմահարկ շենքը ժամանակին օգտագործվել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի և գեներալ Դուայթ Էյզենհաուերի կողմից, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորում է Դաշնակից ուժերի գլխավոր շտաբը։ 2014 թվականին այն վերածվեց շքեղ բնակելի շենքի, որտեղ կա գինու մառան՝ սոմելյեով և 25 մետրանոց լողավազան։ Բնակիչներին շուրջօրյա սպասարկում է Four Seasons հյուրանոցային ցանցը:

Անցյալ տարի Մեծ Բրիտանիան ընդունեց Տնտեսական հանցագործությունների մասին օրենքը, որը պարտավորեցնում է երկրում անշարժ գույք ունեցող բոլոր օտարերկրյա ընկերություններին մինչև 2023 թվականի հունվարի վերջը տեղեկատվություն տրամադրել շահառուների մասին:

Հայտնի չէ, թե ինչ միջոցներով է ձեռք բերվել այս բնակարանը։ Ռաշադ Աբդուլաևը չի արձագանքել մեկնաբանելու խնդրանքներին։ Նրա հայրը՝ Ռովնագ Աբդուլաևը, լրագրողներին ուղղված նամակում նշել է, որ որդու բնակարանի հետ կապված ոչ մի վճարում չի կատարել և ոչինչ չգիտի այն գումարի ծագման մասին, որն օգտագործվել է բնակարանը գնելու համար։

«Նույնիսկ եթե Ռաշադ Աբդուլաևը գնել է վերոնշյալ բնակարանը,- գրել է նա,- ես անկեղծորեն հավատում եմ, որ նա ոչ մի ապօրինի գործարք չի կատարել, որ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն և բոլորը համապատասխանում են օրենքի պահանջներին։

SOCAR-ի տարեկան հաշվետվությունների համաձայն՝ նախագահի և մոտ մեկ տասնյակ փոխնախագահների տարեկան աշխատավարձն ու պարգևավճարները կազմում են 800 հազար դոլարից պակաս, ինչը նշանակում է, որ Լոնդոնում անշարժ գույք հնարավոր չէ գնել միայն ավագ Աբդուլաևի պաշտոնական եկամուտով։

Ըստ Ռաշադի LinkedIn էջի (որը ներկայումս անհասանելի է), նա աշխատանքի է ընդունվել SOCAR Trading-ում՝ SOCAR-ի մարքեթինգի և զարգացման ստորաբաժանումում, 16 տարեկանում։ Եղել է «առևտրի և բիզնեսի զարգացման մասնագետ»։ Ռովնագ Աբդուլաևն ասել է, որ որդու լինքդինյան էջում տեղադրված տեղակատվությունը սխալ է․ Ռաշադը չի աշխատել SOCAR Trading-ում, այլ ստաժավորում է անցել SOCAR-ի հետ կապված մեկ այլ ընկերությունում։

Ընդամենը երեք տարի անց՝ ապրելով Թուրքիայում, Ռաշադը հիմնել է անշարժ գույքի ներդրումների և կառավարման ընկերություն, ինչպես նաև մատուցել խորհրդատվական ծառայություններ։ Ռաշադ Աբդուլաևը նաև մի քանի տարի ռեստորան ուներ Բոդրումում և Վրաստանում գազալցակայանների ցանցի համասեփականատեր էր։ Հայտնի չէ, թե նա հիմա ինչով է զբաղվում և որքան է վաստակում։

Հասարակական ակտիվիստները բազմիցս մեղադրել են SOCAR-ին, որը վերահսկում է Ադրբեջանի նավթային հարստության մեծ մասը, ծայրահեղ գաղտնիության, թափանցիկության բացակայության և ոչ հրապարակային անձանց հետ ֆինանսական հարաբերությունների մեջ: OCCRP-ն ավելի վաղ հայտնել էր պետական ​​ընկերության երկու դուստր ձեռնարկությունների՝ գազի խոշոր նախագծից 1,7 միլիարդ դոլար դուրս բերելու փորձերի, ինչպես նաև ինսայդերների, այդ թվում՝ Ռովնագ Աբդուլաևի աներոջը հարստացնելու հնարավոր սխեմաների մասին:

«SOCAR-ն առաջատար կոռումպացված պետական ​​ընկերությունն է Ադրբեջանում», - ասում է ադրբեջանցի տնտեսագետ և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ավագ հրավիրված անդամ Գուբադ Իբադօղլուն։ «Նրանք ոչինչ չեն ասում․ չեն հայտնում, թե որքան գումար են ստանում, որքան հարկ են վճարում»։

Գրոսվենոր սքուայրում բնակարան գնելու նույն տարում այն ժամանակ 25-ամյա Ռաշադ Աբդուլաևի հետ մի պատահար եղավ, որը նույնպես լույս սփռեց նրա ընտանիքի հսկայական կարողության վրա: OCCRP-ի լրագրողները հաստատել են, որ Իբիցայում Ռաշադից գողացել էին 1,35 միլիոն դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց, թեև SOCAR-ի ներկայացուցիչը դա հերքել էր։ Ըստ երևույթին, Աբդուլաևը ցանկացել է թաքցնել, որ թանկարժեք ժամացույցի տեր է. OCCRP-ն ստացել է ոստիկանության զեկույցը, որը փոփոխվել է՝ ցույց տալու, որ ժամացույցը Ռաշադին չի պատկանում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Աբդուլաևին տեսել են Լոնդոնում ավելի քան 300 հազար դոլար արժողությամբ Mercedes-ի հազվագյուտ մոդել վարելիս:

Անցյալ տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը SOCAR-ի ղեկավարի պաշտոնից հեռացրեց Աբդուլլաև ավագին և նշանակեց նրան ավելի քիչ ազդեցիկ՝ էկոնոմիկայի փոխնարարի պաշտոնին։ Ապրիլին Ալիևը ելույթ ունեցավ և գովաբանեց «ակտիվ բարեփոխումները» և «նոր կառավարումը», որոնք կօգնեն SOCAR-ին դառնալ «թափանցիկ միջազգային էներգետիկ ընկերություն»՝ այսպիսով, հավանաբար ակնարկելով, որ տեղյակ է պետական ​​նավթային ընկերությունում կոռուպցիայի մասին։

SOCAR-ում ենթադրյալ կոռուպցիայի մասին հարցին Ռովնագ Աբդուլաևը լրագրողներին պատասխանել է հետևյալ կերպ. «Ես ոչ մի տեղեկություն և ոչ մի հետաքրքրություն չունեմ ձեր նամակում տեղ գտած ենթադրությունների հետ կապված։ Ինձ ուղղված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը»։

Գրոսվենոր սքուայրի դռնապան ծառայությունը հաստատել է, որ Ռաշադ Աբդուլլաևն այնտեղ բնակարան ունի և խոստացել է նամակը հանձնել նրա օգնականին։

Շենքի վերանորոգումն իրականացրած Finchatton ընկերությունը չի պատասխանել մեկնաբանություն ստանալու հարցումներին: