Բավ է պառակտվել
02-11-2022 11:11

Հայաստանի գլխավոր օդերևութաբանի դրական կանխատեսումները նոյեմբեր ամսվա համար

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է նոյեմբերի վերաբերյալ կանխատեսումները։

«Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նոյեմբերին կլինի կլիմայական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից պակաս։ Այսինքն, մեզ սպասվում է համեմատաբար տաք ու չոր նոյեմբեր»,- ասել է նա։

Սուրենյանը հայտնել է, որ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը, որը մի շարք շրջաններում առաջացրեց ուժեղ քամիներ, առաջիկա ժամերին դուրս կգա մեր տարածքշրջանից՝ իր տեղը զիջելով արևմուտքից եկող անտիցիկլոնին, որն առաջիկա երկու օրերին կապահովի կայուն եղանակ Հայաստանում։

«Սակայն այս գիշեր ցուրտ արկտիկական օդային հոսանքների ներթափանցման հետևանքով հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով»,- զգուշացրել է նա։

Ամենացուրտը կլինի Շիրակում, որտեղ գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև 2-6 աստիճան ցուրտ, Լոռիում, Գեղարքունիքում և Արագածոտնի լեռներում՝ մինչև 5 աստիճան ցուրտ, Վայոց ձորի և Կոտայքի լեռներում՝ մինչև - 4 աստիճան։