Բավ է պառակտվել
10-06-2022 20:20

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ներկայումս բավականին կայուն է․ ՀՀ ՊՆ փոխնախարար

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է բավականին կայուն։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ փոխնախարարը հիշեցրել է, որ արդեն մի քանի տասնամյակ սահմանային գծում միշտ լարվածություն է առաջանում։

«Բոլոր ժամանակներում՝ 1994 թվականին հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր, սահմանին, ցավոք սրտի, միշտ եղել են զոհեր։ Պարզապես պետք է ամեն ինչ համեմատության մեջ նայել»,- առաջարկել է Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի պատերազմից հետո որոշ ժամանակ լարվածություն չկար, հետո իրավիճակը սրվեց, հետո եղան մայիսյան իրադարձությունները (Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ մի շարք տեղամասերում՝ խմբ.), այլ միջադեպեր, այդ թվում՝ 2021 թվականի նոյեմբերին։

«Անընդհատ (սահմանին) ինչ-որ բան կատարվում է, բայց, բարեբախտաբար, վերջին շրջանում լարվածություն չենք տեսնում սահմանին և կարող ենք ասել, որ այս պահին իրադրությունը բավականին կայուն է»,- ասել է փոխնախարարը՝ հորդորելով վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի ստորաբաժանումներն ապօրինի հատել են ՀՀ պետական ​​սահմանը «սահմանների ճշգրտման» պատրվակով և մինչ օրս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Այս տարածքներում պարբերաբար բախումներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, ինչի հետևանքով երկու կողմից կան զոհեր։ Ամենախոշոր սրումը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին, երբ արևելյան ուղղությամբ հայկական դիրքերի վրա հակառակորդի հարձակմանընթացքում գերեվարվեց մոտ 30 հայ զինծառայող (հստակ թիվը չի նշվում)։ Նրանցից 25-ն արդեն վերադարձվել են Ռուսաստանի Դաշնության, ԵՄ-ի և Հունգարիայի միջնորդությամբ։

Մայիսի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց հայ զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանի մահվան մասին, ով վիրավորվել էր մայիսի 28-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական սահմանային դիրքերի գնդակոծման ժամանակ։