Բավ է պառակտվել
14-09-2022 15:07

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կրկին ծայրաստիճան սրվել է. ադրբեջանական զինուժը հարված է հասցրել ՌԴ ԱԴԾ մեքենային

Ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ սրվել է. Այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արամ Թորոսյանը։

«Ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից Գորիս ընկած ամբողջ սահմանագծով հակառակորդը թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով անօդաչու թռչող սարքեր։ Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ ԱԴԾ ավտոմեքենաներին։ Չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև։ Հայաստանի Զինված ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ գործողությունները հակառակորդին համարժեք պատասխան տալու համար»,- ասել է Թորոսյանը։

Միաժամանակ նա վստահեցրել է, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունը զգալիորեն նվազել է, բացառությամբ Ջերմուկի և Վերին Շորժայի շրջանների, որտեղ հակառակորդը կրակ է վարում մարտական ​​դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։

Հայկական կողմից, ըստ նախնական տվյալների, զոհվել է 49 անձ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։