Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է գնահատել։
«Երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություն տրվել է: Ինտենսիվ կրակոցների դեպքում մենք անմիջապես արձագանքում ենք»,- չորեքշաբթի խորհրդարանում կայացած ճեպազրույցում ասաց փոխնախարարը։
Նախօրեին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Նույն օրը Արցախում հակառակորդը երկու անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շփման գծի կենտրոնական և արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Արցախի ՊԲ-ն կորուստներ չունի. Խախտումների մասին տեղեկությունը փոխանցվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին։