Բավ է պառակտվել
09-04-2021 13:31

ՊՆ-ի մոտ լարված իրավիճակ է։ Գերատեսչությունում խորհրդակցություն է ընթանում

Պաշտպանության նախարարության մոտ մեծաքանակ իրավապահներ են հավաքված, նրանք փորձում են հանգստացնել ծնողներին, սակայն դեռևս ապարդյուն։

Իրավիճակը ՊՆ-ի մոտ լարված է։ Անհայտ կորած և գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողները փորձում են մուտք գործել ՊՆ։ Նրանք պահանջում հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ։

Հավաքվածներից ոմանք բարձրացել են անցակետի ճաղերի վրա, ոստիկաններն ու ռազմական ոստիկանության աշխատակիցները դեռևս ուժ չեն գործադրում, բայց նրանց թիվը գնալով ավելանում է։

«Մենք մեր երեխաներին ենք տվել թուրքերին, ոստիկանությունի՞ց պիտի վախենանք: Նրանք փախչում են ուղղաթիռներով և շշեր նետում մեզ վրա: Թող վերադարձնեն մեր երեխաներին», - ասաց ցուցարարներից մեկը:

Իրավապաշտպանները փորձում են հանգստացնել ծնողներին, բայց դեռևս ապարդյուն: Դեպքի վայրում է գտնվում անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով հավաստիացրեց, որ հարցի օպտիմալ լուծում գտնելու համար ՊՆ-ում խորհրդակցություն է ընթանում։

Ակցիան սկսվել է ապրիլի 8-ի առավոտյան. անհայտ կորածների հարազատները մեքենաներով արգելափակել են ՊՆ բոլոր մուտքերն ու ելքերը: Ցուցարարների հետ բանակցությունները վարում էին իրավապահ մարմինների աշխատակիցները, ովքեր քաղաքացիներին կոչ էին անում ապաշրջափակել գերատեսչության շենքը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Sputnik Արմենիայի թղթակիցը, նախարարության աշխատակիցները գտնվում էին վարչության շենքում և առնվազն 14 ժամ չեն լքել այն:

Ուրբաթ առավոտյան ցուցարարները նախարարության շենքի վրայով թռչող ուղղաթիռ տեսան: Նրանցից ոմանք կարծում են, որ նախարար ուղղաթիռով ՊՆ-ից հեռացողը կամ, հակառակը՝ ժամանողը կարող է լինել Վաղարշակ Հարությունյանը։