Բավ է պառակտվել
24-01-2023 17:58

Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի գործով մեղադրանք է առաջադրվել 16 հայ զինծառայողի. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Հայաստանի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիայի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարուցվել է 46 քրեական գործ, որոնք միավորված են մեկ վարույթում։

Մամլո հաղորդագրության համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի 16 զինծառայողի։ Նրանցից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսներինը՝ երկրից բացակայելու արգելքը։ Քրեական վարույթներից 6-ն արդեն իսկ ավարտվել են, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է։

Վնասի գնահատում

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մեկուկես տասնյակ համայնքներում կատարվել է շուրջ 100 դեպքի վայրի զննություն, պարզվել են համայնքներին պատճառված վնասները. ավերված կամ վնասված համայնքապետարանի շենք, հրշեջ փրկարական ջոկատի շենք, դպրոց, 3 հյուրատուն, հանդիսությունների սրահ, 100-ից ավելի սեփական բնակելի տուն, անասնագոմեր, ջերմոց, մեկ տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, ավտոճանապարհներ, այրված խոտածածկ և անտառածածկ մեծ տարածքներ, պտղատու այգի, և այլն։

Վնասվել է նաև այս մարզերում տեղակայված 6 զորամաս, ռազմական օբյեկտ և տեխնիկա, այդ թվում՝ բուժծառայության 2 ավտոմեքենա:

Մահացածներ և վիրավորներ

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։

Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավել անձինք, հարցաքննվել են 1000-ից ավելի վկաներ, նշանակվել են 224 դիակի դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև 98 դատագենետիկական և 350-ից ավել դատաբժշկական փորձաքննություններ:

Ադրբեջանի զինված ուժերին ներկայացվող մեղադրանքներ

Քրեական միասնական վարույթի շրջանակնում շարունակվում են հսկայածավալ քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների նույնականացման, նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, կատարված ռազմական հանցագործությունների ողջ պատկերն ամբողջացնելու նպատակով։
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։

Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 210 մարդ, այդ թվում՝ 4 խաղաղ բնակիչ, 2 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ։ Վիրավորում է ստացել 293 զինծառայող և 8 քաղաքացիական անձ, 20 զինծառայող գերի ընկել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։