Բավ է պառակտվել
30-11-2020 22:20

Հայաստանի քննչական կոմիտեն միջազգային փորձագետների հետ քննարկել է Արցախյան պատերազմում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և քրեագիտական վարչությունում հանդիպումներ են տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների գծով միջազգային փորձագետ, կրիմինալիստ ֆրանսահայ Էլիզ Պողոսյանի և արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետ Ժան Լյուկ Մեսաժեի հետ, հայտնում է ՔԿ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը։



Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների կատարման, արգելված զինատեսակների կիրառման, ինչպես նաև նշված դեպքերի առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեծածավալ փորձաքննությունների նշանակման և իրականացման վերաբերյալ հարցեր:

Քննարկումների առարկա են դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող մի շարք արարքների, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, ռազմական գործողություններում վարձկաններ օգտագործելու վերաբերյալ դեպքերը:

Հանդիպումների ընթացքում երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքային համագործակցությունը շարունակելու ուղղությամբ։