Բավ է պառակտվել
13-09-2018 12:41

ՔԿ-ն հետաքննում է աուդիոձայնագրության փաստով պաշտոնեական լիազորություններն գերազանցելու գործը

Հայաստանի քննչական կոմիտեն հետաքննում է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրման փաստով պաշտոնեական լիազորություններն անցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, հայտնել է կոմիտեի մամլո ծառայությունը։

Հայաստանի քննչական կոմիտեն ստացել և վարույթ է ընդունել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։
Սեպտեմբերի 11-ին ցանցում հայտնվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկում են Հայաստանում նախկին պետծառայողների նկատմամբ հարուցված ռեզոնանսային քրեական գործերի ընթացքը։ Մասնավորապես, զրույցի ընթացքում շոշափվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության և ՀԱՊՔ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքի և մեղադրանք ներկայացնելու հետ առնչվող թեմաներ։ Ընդ որում, Վանեցյանն արդեն հաստատել է այդ աուդիոձայնագրության իսկությունը և այն փաստը, որ ՀՔԾ պետի հետ խոսակցության ընթացքում նրանք քննարկել են 2008թ․մարտի 1-2-ի իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործին վերաբերող հարցեր։
“Նկատի ունենալով, որ հրապարակումները և ձայնագրությունն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ու ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե”, -ասվում է տեղեկատվության մեջ։
Հայաստանի քրեական օրենսգրքի 09-րդ հոդվածի 1-ին մասը (պաշտոնեական լիազորություններն անցնելը) ենթադրում է պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)։ Այս իրավախախտումը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությանը։