Բավ է պառակտվել
27-01-2020 14:55

ՍԴ ղեկավարի աղջկան հետապնդելու՝ ավագանու անդամի կոչի շուրջ աղմուկը մեծանում է․ միջամտել է օմբուդսմենը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խստագույնս դատապարտել է Երևանի ավագանու իշխող “Իմ քայլը” խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան կոչը, որը վերաբերվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի աղջկան։

Կիրակի օրը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՖԲ մի օգտատիրոջ լուսանկարը և ներկայացրել այն որպես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջ։ Նա կոչ է արել մարդկանց “ցույց տալ” իրենց։ Գրառումը զայրույթի ալիք է առաջացրել սոցցանցում։ Որոշ օգտատերեր գրել են, որ դա բոլորովին այլ աղջկա էջ է։

“Խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ”,- մեջբերել է Թաթոյանի խոսքերը նրա մամլո ծառայությունը։

Օմբուդսմենը կոչ է արել հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց հստակ գիտակցել իրենց պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ․

“Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։ Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաներին ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ”,- նշել է Թաթոյանը։

Նա դիմել է սոցցանցերի օգտատեր հայրենակիցներին կոչով ցուցաբերել հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի ու արժանապատվության նկատմամբ, անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ։

Նախօրեին Երևանի ավագանում “Իմ քայլը” խմբակցությունը խստորեն դատապարտել է ատելության ցանկացած դրսևորում և ներողություն խնդրել կատարվածի կապակցությամբ։ Երկուշաբթի օրը հրավիրվել է խմբակցության հրատապ նիստ, որից հետո հայտարարություն կարվի։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի միջև դիմակայությունը սրվել է Փաշինյանի հունվարի 25-ի մամլո ասուլիսից հետո։ Վարչապետն ասաել էր, որ Թովմասյանն իրեն առաջարկել է իր ծառայությունները։ Վերջինս սպառնացել էր դիմել դատարան զրպարտության համար, եթե Փաշինյանը 20 օրվա ընթացքում չներկայացնի իր խոսքերի ապացույցը կամ հանդես չգա հերքմամբ։ Փաշինյանը խոստացել էր շատ շուտ ապացույցներ հրապարակել ՝ նախազգուշացնելով, որ “հարվածը կլինի անհամաչափ”:

Ի ապացույց այն փաստի, որ ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանը պարբերաբար իրեն առաջարկել է իր մասնագիտական ծառայությունները, որոնցից նա հրաժարվել է՝ Փաշինյանը կիրակի ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գրչի լուսանկար, որն, ըստ նրա, Թովմասյանը նվիրել է իրեն նախկինում։ Սահմանադրական դատարանի ղեկավարը հայտարարել է, որ խնդրել է իր փաստաբաններին պատրաստել հայցադիմում ընդդեմ վարչապետի։