Բավ է պառակտվել
17-11-2016 17:01

Ի՞նչ արժե լավ ապրելը Հայաստանում

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է «Աղքատությունը և Հայաստանի սոցիալական համայնապատկերը 2015 թվականին» զեկույցը, որը հիմնված է 5184 տնային տնտեսությունների հարցման վրա։

Հայաստանի բնակիչներին շատ լավ ապրելու համար ամսական մեկ շնչին անհրաժեշտ է ավելի քան 1000 դոլար, վկայում են զեկույցի տվյալները։

Այսպես, հարցման մասնակիցները նշել են, որ շատ լավ կյանքի համար»Հայաստանում մեկ մարդուն անհրաժեշտ է ամսական 568 369 դրամ կամ 1 376 դոլար, լավ կյանքի համար`250 672 դրամ կամ 603 դոլար, իսկ գոյատևելու համար` 95 680 դրամ կամ 230 դոլար։

Հարկ է նշել, որ Հայաստանի նվազագույն աշխատավարձը, վերջին պաշտոնական վիաճակագրական տվյալներով, կազմում է 55 հազար դրամ (մոտ 115 դոլար), իսկ միջին անվանական աշխատավարձը սեպտեմբերի դրությամբ` 184 992 դրամ (մոտ 386 դոլար)։

Հարցման համաձայն, տնային տնտեսությունների 16 տարեկան և ավելի տարիքային կարգի ներկայացուցիչների 38.5 տոկոսը համարում է, որ կենսամակարդակի բարձրացումն իրենցից կախված չէ, և պետությունը պետք է ապահովի նրանց աշխատանքով և լավ պայմաններով, իսկ 20 տոկոսը նշել է, որ կենսամակարդակի բարձրացման ծրագրեր չունի։

Ընդ որում, հարցվողների 12,4 տոկոսը նշել են, որ Հայաստանում թնտրում են եկամտաբեր աշխատանք, իսկ սեփական բիզնեսը հանրապետությունում ցանկանում են սկսել միայն 1,1 տոկոսը:

Հարցվածների 22,8 տոկոսի կարծիքով, նոր սերունդն ավելի լավ կապրի, 33,6 տոկոսը կարծում է, որ նրանք վատ են ապրելու, իսկ 19,8 տոկոսը կարծում է, որ նոր սերնդի կյանքը չի փոխվի: Ընդ որում, հարցվածների 23,8 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին:

Զեկույցի համաձայն, Հայաստանի քաղաքացիների 15 տոկոսն իրեն աղքատ է համարում, 45,1 տոկոսի կարծիքով, իրենց կյանքի մակարդակը միջինից ցածր է, իսկ 36,1 տոկոսը կարծում է, որ այն միջին մակարդակում է: Ընդ որում, հարցվածների միայն 3,2 տոկոսն է համոզված, որ իրենց կյանքի մակարդակը միջինից բարձր է: Ընդ որում, հարցվողներից և ոչ մեկը իրենց հարուստների շարքին չի դասել:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակը 2015 թ.-ին կազմել է 29.8 տոկոս, ինչը 0,2 տոկոսով քիչ է 2014 թ.-ին գրանցված ցուցանիշից: Հայաստանում աղքատ մարդկանց ընդհանուր թվաքանակը կազմել է 900 հազար մարդ, որոնցից 310 հազարը` շատ աղքատ, իսկ ծայրահեղ աղքատ` 60 հազարը: 2015 թ.-ին աղքատ կատեգորիային է դասվել բնակչության 19,4 տոկոսը, 8,4 տոկոսը` շատ աղքատ և 2 տոկոսը` ծայրահեղ աղքատ: