Բավ է պառակտվել
18-10-2021 08:00

Մահացել է հետախուզման մեջ գտնվող Հայաստանի ՆԳ նախկին ղեկավար Վանո Սիրադեղյանը․ լրատվամիջոցներ

Մահացել է հետախուզման մեջ գտնվող Հայաստանի ՆԳ նախկին ղեկավար, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը։ Այս մասին հայտնում է “Չորրորդ իշխանություն”-ը, հղում անելով Սիրադեղյանի որդուն՝ Խաչատուր Սիրադեղյանին և կնոջը՝ Ռուզան Տոնոյանին։

Նրանք հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին։

Սիրադեղյանը ծնվել է 1946 թվականին Կոթի գյուղում: Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1988-ի դեկտեմբերից մինչև 1989-ի մայիսը, կոմիտեի այլ անդամների հետ միասին, ձերբակալվել է: Տարբեր տարիներին եղել է պատգամավոր, նախագահի խորհրդական, ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ: 1992-1996թթ. զբաղեցրել է Հայաստանի ներքին գործերի նախարարի, 1996-1998թթ.՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հայտնվեց իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: 1997 թ. Հայաստանի գլխավոր դատախազությունը եկավ այն եզրակացության, որ 1992-1994 թ․թ․ ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մի շարք աղմկահարույց մահափորձերի և սպանությունների հետևում կանգնած են եղել ներքին գործերի նախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ:

1998թ․-ից հետո հետաքննությունն էլ ավելի ակտիվացավ, իսկ գործով մեղադրյալները հայտնեցին, որ բոլոր սպանություններն ու մահափորձերը կատարվել են Վանո Սիրադեղյանի հրահանգով: Արդյունքում, 1999 թվականին Սիրադեղյանը գաղտնի հեռացավ Հայաստանից և գտնվում էր հետախուզման մեջ: