Բավ է պառակտվել
21-10-2019 15:27

Ամուլսարի գործով ՔԿ քննիչի մասով ծառայողական քննությունն ավարտվել է։ Գրիգորյանը ներկայացրել է մանրամասները

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման գործով Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի գլխավոր վարչության կոռուպցիոն և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, կիբերհանցագործությունների քննության բաժնի ղեկավար Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ավարտվել է, տեղեկացրել է երկուշաբթի լրագրողներին Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։

Ավելի վաղ “Ինֆոկոմ” տեղեկատվական պլատֆորմի հետաքննությամբ պարզվել էր, որ Ամուլսարի գործի քննությամբ զբաղվող ՔԿ քննիչ Իվանյանը և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը մտերիմ ազգականներ են։ Այս տեղեկությունը հաստատել էր ՔԿ մամլո քարտուղար Նաիրա Հարությունյանը։

“Քննության արդյունքներով նա որևէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել Ամուլսարի հարցի հետ կապված”,- ասել է Գրիգորյանը:

Գրիգորյանը նշել է, որ օրենսդրությամբ ազգակցական կապի աստիճանը, որի դեպքում պետք է ինքնաբացարկ հայտնել, նշված չէ, ուստի զուտ իրավական առումով խախտում չկա:

“Քրեական գործը շատ դինամիկ պրոցես է և նույնիսկ այսօր մենք կարող ենք ստանալ այնպիսի տվյալ, որ երեկ կամ նախորդ օրը չենք ունեցել: Դրանով է պայմանավորված նոր քննությունն”,- ասել է Գրիգորյանը:

Խոսելով Իվանյանի պաշտոնի փոփոխության մասին, նա տեղեկացրել է, որ խոսքը գնում է ոչ թե նոր նշանակման, այլ ընդամենն այն մասին, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում կիբերհանցագործությունների բաժինը վերափոխվել է առանձին վարչության։

Ամուլսարի խնդիրը

Ամուլսարի հանքավայրում ընթացող աշխատանքները դադարեցվել են 2019թ․փետրվարին՝ պայմանավորված շրջակա միջավայրի ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու անհրաժեշտությամբ։ Բնապահպանները և հասարակ քաղաքացիները մտահոգված են այն հանգամանքով, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի աղտոտմանը, ինչը կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի։

Օգոստոսի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է 20018թ․հուլիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության միջազգային փորձագիտական խմբի վերջնական եզրակացությունն, ըստ որի բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հնարավոր սպառնալիքները վերահսկելի են համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում։

Օգոստոսի 28-ին Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD-ի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորները, պետկառույցների և Լիդիան Արմենիայի ներկայացուցիչները։ Կոնֆերանսի արդյունքներով վարչապետը հայտարարել է, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք ուսումնասիրության և գնահատման կարիք ունեն։

ELARD-ի փորձագետ Ռիկարդո Հուրին հայտնել է լրացված տվյալների հիման վրա նոր ուսումնասիրության անցկացման անհրաժեշտության մասին, ինչպես նաև նշել, որ Լիդիանի կողմից առաջարկված մեղմիչ միջոցառումները բավարար չեն, և հարկավոր է վերանայել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը։