Բավ է պառակտվել
01-09-2020 18:48

Պայթյուն և հրդեհ Արմավիրի կոնյակի գործարանում. կան զոհեր


Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում այսօր մոտավորապես ժամը 12-ին հրդեհ էր բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ-ի չորս հրշեջ-փրկարարական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել և մարվել է մեկ ժամվա ընթացքում։ Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:«Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են: 33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%: 32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%: 24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%»,- ասված է գրառման մեջ:
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի պատճառը գինու 30 տոննանոց ռեզերվուարի պայթյունն է։  Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզային փրկարարական վարչություն պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը։

«Հետո պայթել է ռեզեուրվարին կից ևս մեկը՝ 28 տոննանոց։ Հրդեհը մարելու համար Արմավիրի կոնյակի գործարան միանգամից երեք համայնքից հրշեջ-փրկարարական հաշվարկներ են եկել՝ Վաղարշապատից, Բաղրամյանից, Արմավիրից։ Հրդեհը մեկ ժամից շուտ մարվել է, աշխատողները՝ ընդհանուր տասնմեկ մարդ տարհանվել», - ասաց նա։
Մարգարյանը հավելեց, որ հրդեհի մարման ընթացքում երկու դի է դուրս բերվել, իսկ չորս տուժածներին այրվածքներով տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, որից հետո Երևանի այրվածքաբանական կենտրոն: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Լրագրողների դիտարկմանը, թե գործարանի տնօրենը նշել է, որ պայթյունի պատճառը զոդման աշխատանքներն են եղել, ԱԻՆ աշխատակիցը հակադարձեց, որ չի կարող նման բան ասել, և նախաքննությունը կպարզի պայթյունի մանրամասները։
Գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանն ասաց, որ գործարանն ուներ մոտ 200 աշխատակից, մահացել է մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ իրականացնող ձեռնարկության տնօրենը: Մնացած չորս վիրավորների մասով Արմեն Գասպարյանը նշեց, որ տեղափոխվել են Երևան, միջին այրածքներ ունեն:

«Գործարանն այս պահին չի աշխատում, հոսանքազրկել ենք: Մեծ չափով մթերում էր գնում, հիմա ամեն ինչը կանգնած է, խաղողը տեղափոխել ենք մեր մյուս մասնաճյուղ»,- ասաց նա:

Նշենք, որ պայթել է 30 տոննանոց ապակյա տարա և առաջացրել հրդեհ։ Պայթյունից մահացել են գործարանի մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ իրականացնող Ա/Ձ–ի տնօրեն Արեն Առաքելյանը։

 

 

Արմինե Գևորգյան