Բավ է պառակտվել
02-03-2020 18:58

Հայաստանը Հնդկաստանից գնել է 4 ռադար 40 մլն դոլար արժեքով․ լրատվամիջոցներ

Հնդկական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Դելին և Երևանը կնքել են 40 մլն դոլար արժեքով տեղորոշման Swathi տեսակի 4 ռադարների մատակարարման համաձայնագիր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները։

“Նախարարությունը չի մեկնաբանի հրապարակված տեղեկատվությունը”,- հայտնել է ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ հնդկական լրատվամիջոցների, Հայաստանն ընտրել է “Swathi” ռադիոլոկացիոն համակարգը (ՌԼՀ) մրցույթի արդյունքներով, որին ներկայացված են եղել նաև ռուսական և լեհական արտադրության նմանատիպ համակարգեր։ “Swathi” ռադիոլոկացիոն համակարգը մշակվել է Էլեկտրոնիկայի ու ռադիոլոկացիայի զարգացման լաբորատորիայի (LRDE) և Պաշտպանության հետազոտությունների և զարգացման պետական լաբորատորիայի (DRDO) կողմից, արտադրվել է Bharat Electronics Limited (BEL) ընկերության կողմից:

Պասիվ անտենային ֆազավորված ցանցով այս համակարգը մշակվել է հնդկական Akash ԶՀՀ-ի Rajendra ռադիոլոկացիոն կայանի հիման վրա։

Ըստ արտադրողների, ականանետներից հրակոծման հայտնաբերման հեռավորությունը կազմում է մինչև 20 կմ, հրետանուց` մինչև 30 կմ, իսկ հրթիռայինը` մինչև 40 կմ: Կայանը տեղադրված է Tatra T815 (8x8) մեքենայի շասսիի վրա, որի լիցենզավորված արտադրությունը Հնդկաստանում իրականացնում է Bharat Earth Movers Limited (BEML) պետական միավորումը:

Swathi WLR ՌԼՀ-ի փորձարկումներն DRDO-ն իրականացրել է 2003 թվականից, բայց պատվիրված 28 սերիական համակարգերից առաջինը փոխանցվել է հնդկական բանակին միայն 2017-ի մարտին։ Ըստ հնդկական մամուլի, Հայաստանը դարձել է Swathi համակարգի առաջին հայտնի արտասահմանյան հաճախորդը: