Բավ է պառակտվել
02-03-2021 12:50

ԱԱԾ-ն ձերբակալել է անձի, որը անհետ կորած զինվորի հորից 15 հազար դոլար էր պահանջում (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի և Շիրակի մարզային վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Ղ.-ն` տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հ. Ա.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին` անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Ա. Ա.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես օտարերկրյա պետության որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձնավորություն:

ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Ա. Ա.-ի հետ հանդիպումների ընթացքում Վ. Ղ.-ն նրան հայտնել է, թե իբր ճշտել է, որ որդին գտնվում է Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ այլ երկիր, իսկ այնուհետ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է տալ 30.000 ԱՄՆ դոլար՝ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց:

Միաժամանակ, Ա. Ա.-ին մոլորեցնելու, նրա գիտակցության և կամքի վրա ներազդելու նպատակով Վ. Ղ.-ն հայտնել է, թե իբր նշված գումարից 15.000 ԱՄՆ դոլարը վճարվելու է «Սպիտակ խաչ» նախաձեռնության կողմից, իսկ մնացած 15.000 ԱՄՆ դոլարը պահանջել է Ա. Ա.-ից: Հափշտակության նպատակը քողարկելու համար Վ. Ղ.-ն 2021 թվականի փետրվարի 22-ին Ա. Ա.-ին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձևակերպել որպես վերջինիս կողմից իրեն պարտքով տրվող գումար:

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Վ. Ղ.-ն 2021 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող սրճարանում Ա. Ա.-ից խաբեությամբ ստացել է 7.896.750 ՀՀ դրամին համարժեք նշված 15.000 ԱՄՆ դոլարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ իր կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Վ.Ղ.-ն ձերբակալվել է: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները եւ տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող նմանատիպ անձանց հետ գործարքների մեջ մտնելուց եւ կրկին վստահեցնում է, որ պետությունը շարունակում է ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Ներկայացել է ադրբեջանցի և անհետ կորածների կանանցից պահանջել մերկ լուսանկարներ. ԱԱԾ (տեսանյութ)
70 զինծառայողի ծնող դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով պատժել իրենց զավակների մահվան մեջ մեղավորներին
ԱԱԾ–ն ու Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրը
Ավարտվեց Փաշինյանի հանդիպումը անհետ կորած զինվորների ծնողների հետ (լուսանկարներ)
Որոնողական աշխատանքներն իրականացվում են անհետ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ