Բավ է պառակտվել
22-03-2017 18:39

ԱԱԾ-ն հաստատել է Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման լուրը

Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայությունը հաստատել է «Իգլա» ԶՀՀ-ի ապօրինաբար տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման լուրը:
«Ի պատասխան տարբեր ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը»,- հայտնել են մամուլի կենտրոնից։
«Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արժանահավատ տվյալներ են ստացվել առ այն, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»,- նշված է հայտարարությունում։
Փորձագետի եզրակացության համաձայն, «9M39» մարտական հրթիռը պիտանի է շահագործման համար և ռազմամթերք է հանդիսանում։
Ներկայումս բացհայտվում են համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման թիրախները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։