Բավ է պառակտվել
21-07-2022 16:31

ԱԱԾ-ն փոփոխություններ է առաջարկում սփյուռքահայությանը Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու կարգում։ Սինանյանը համաձայն չէ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը անհամաձայնություն է հայտնել սփյուռքահայությանը Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու կարգում փոփոխություններին։ Այդ մասին նա ասել է հինգշաբթի կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու նոր կարգը ոչ մի կերպ չի անդրադառնա հայրենադարձության գործընթացի վրա, քանի որ հայրենադարձվել ցանկացող հայրենակիցներն, ովքեր վերջին 2 տարվա ընթացքում 60 օր Հայաստանում չեն եղել, հեշտությամբ կարող են լրացնել այդ բացը։

«Այլ հարց է, որ այս օրենսդրական նախաձեռնությունը չի կարելի դրական փոփոխություն անվանել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առումով, ուստի մեր գերատեսչությունը չի պաշտպանում այս փոփոխություններն»,- ասել է Սինանյանը։

Ի պատասխան ճշտող հարցին, թե ինչով է պայմանավորված այս օրենսդրական նախաձեռնությունը, Սինանյանը խորհուրդ է տվել դիմել Ազգային անվտանգության ծառայություն, որը և առաջարկել է համապատասխան փոփոխություններ մտցնել «Քաղաքացիության մասին» օրենքում։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել էր «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը: