Բավ է պառակտվել
15-03-2022 13:26

Ձյուն և բուք․ ԱԻՆ-ը տեղեկացնում է Հայաստանում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհների մասին

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է որ ձյան տեղումների պատճառով Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
Հանրապետության ԱԻՆ-ի կայքից տեղեկանում ենք, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Բքի և մերկասառույցի պատճառով Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Գեղարքունիք մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ստեփանավան, Շիրակի մարզի Ջաջուռավան-Մեծ Սարիար, Ամասիա-Բերդաշեն, Թավշուտ-Արդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Գորիս-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի, Շիրակի և Կոտայքի մարզերի) տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի և Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

Վերին Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը (որտեղ գտնվում է Լարսի անցակետը) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա։