Բավ է պառակտվել
03-05-2020 13:36

Մայիսի 4-ից Հայաստանում հանվում են մի շարք սահմանափակումներ



Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է ԱԴ ընթացքում կիրառվող սահմանափակումներում փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն մայիսի 4-ից։

Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրել է․

Տեղաշարժի իրավունքի մասով՝

- Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի,
- Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը,
- Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմամնափակումները,
- Փոխարենը՝ վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը։

Տնտեսական սահմանափակումների մասով՝ արդեն գործող տեսակներին ի լրումն թույլատրվում են՝

- Ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն,
- Շինարարության ավարտական փուլի աշխատանքները,
- Մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում: Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ, դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները,
- Հանրային սննդի կազմակերպման մասով՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում,
- Տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ,
- Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեությունը,
- Սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար:
- Անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մարմնի խնամքի ծառայությունները:

Կանոններ

Զուգահեռաբար բոլոր թույլատրված ոլորտների համար գործում են գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: Միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։


“Սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է: Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել”,- նշել է նա։

Ավինյանը նաև ընդգծել է, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի։