Բավ է պառակտվել
07-04-2020 13:07

Սոցիալական որ ծրագրերի վճարումներ են սկսվել․մեկնաբանում է նախարարը

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերից 4-րդի և 6-րդ վճարումները սկսվել են։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Դիմում գրելու անհրաժեշտություն չկա, պարզապես մտեք online.ssa.am կայք, ընտրեք 4-րդ կամ 6-րդ ծրագրերը, լրացրեք ձեր տվյալները և իմացեք, արդյո՞ք հանդիսանում եք ծրագրի շահառու»,- ասում է նախարարը։
Նշենք, որ ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ գործարկել է online.ssa.am կայքը, որի միջոցով կարելի է տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ:
Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով տվյալները՝ կարող եք տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։ Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը:
Գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:
‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է:
Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց:
Կառավարության հաստատած 4-րդ ծրագրի շահառուներն են մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկը կորցրել է իր գրանցված աշխատանքը մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում և մարտի 25-ի դրությամբ ծնողներից ոչ մեկը չունի աշխատանք, օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար 100.000 դրամի չափով, հիմնական պայմանները՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500.000 դրամը:

6-րդ ծրագրի շահառուներն են այն ֆիզիկական անձինք, որոնք 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68,000 դրամի չափով:
Աջակցությունից չեն կարող օգտվել նրանք, ում վերջին 2 ամիսների միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը, ունեն այլ աշխատանք, հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, կամ հանդիսանում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման շահառու:

 

Արմինե Գևորգյան