Բավ է պառակտվել
11-01-2021 09:00

Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների ղեկավարների երկրորդ հանդիպումը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) պաշտոնապես պարզաբանում է, որ ՀՀ ԱԱԾ և ԱՀ ԱՊԾ տնօրենների միջև վաղը ՀՀ Տավուշի մարզում կայանալիք հանդիպման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, նման ձևաչափով հանդիպում կայացել է օրեր առաջ՝ ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում, ինչպես նաև այսօր՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում, որի ընթացքում դարձյալ քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Գերատեսչությունը նշել է, որ Mediaport» և մի շարք այլ տեղեկատվական հարթակների կողմից վերջին օրերին տարածվում են նաև ստահոդ լուրեր և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համանման հանդիպումների օրակարգում ներառվել կամ ներառվելու են տարածքային և սահմանային հարցեր՝ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելով հանրությանը:

«Նկատի ունենալով հիշյալ անհիմն ու անպատասխանատու հրապարակումների առկայությունը և ՀՀ ազգային անվտանգության մարմիններին նման գործառույթներ վերապահված չլինելու հանգամանքը՝ մեկ անգամ ևս պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի վերջին հանդիպման շրջանակներում քննարկվել և ըստ անհրաժեշտության պարբերաբար կայանալիք հանդիպումներում բացառապես քննարկվելու են վերը նշված օրակարգային հարցերը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում շեշտել են, որ հիմք ընդունելով ազգի և պետության գերակա շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը բացառապես իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, երբևէ չի զբաղվել և չի զբաղվելու այդ լիազորությունների շրջանակից դուրս գտնվող որևէ գործառույթով:

«Միաժամանակ հերթական անգամ հորդորում ենք տուրք չտալ հայրենիքի ու պետականության հանդեպ սադրանքի տպավորություն ստեղծող այդօրինակ կեղծ լուրերին, իսկ վերջիններիս հեղինակներին կոչ ենք անում զերծ մնալ իրենց ապազգային գործելաոճից, որը շարունակվելու պարագայում ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ:», - հայտնել են ԱԱԾ-ից:

Հայաստանի ԱԱԾ և Ադրբեջանի ԱՊԾ ղեկավարների հանդիպման և հետագա զարգացումների մասին

Հունվարի 9-ին Արարատի մարզի Երասխ համայնքին հարակից սահմանային չեզոք գոտում Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱՊԾ տնօրեն Ալի Նագիևի հետ, որի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր: Հաղորդվել է, որ այս հարցերի շուրջ շփումները կշարունակվեն:

Նույն օրը Հայաստանի վարչապետի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ պահանջելով հանդիպել ընդդիմության «Հայրենիքի փրկության շարժում» շարժման ներկայացուցիչների հետ նախքան հունվարի 11-ին Մոսկվայում, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը, որը մտահոգություն և խուճապ է առաջացնում տարբեր հասարակական և քաղաքական շրջանակներում:

Մանուկյանը հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Այվազյանի հետ, որի ընթացքում, ըստ Մանուկյանի, «որոշ հարցերի պատասխանները գոհացուցիչ էին, որոշ հարցերինը՝ ոչ այնքան»: Ավելի ուշ նա ասել է, որ Օնիկ Գասպարյանը և Արմեն Աբազյանը խուսափել են հանդիպումից, «ինչը խորացրեց մեր կասկածներն ու մտահոգությունները»: