Բավ է պառակտվել
19-10-2016 15:19

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից 3 տուժածների վիճակը միջին ծանրության է

Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով` Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Առողջապահության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից այս կլինիկա կտեղափոխվի մեր հայրենակիցներից եւս մեկը, ում մոտ նույնպես ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ։ Նրա վիճակը եւս գնահատվում է միջին ծանրության։

Չորրորդ տուժածին կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն, որի արդյունքում հերքվել է գանգուղեղային վնասվածքի առկայությունը։ Այժմ քննարկվում է նրա Հայաստան տեղափոխման հարցը։

Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:

Հայաստան տեղափոխվածները բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից: