Բավ է պառակտվել
13-08-2018 13:49

Ամուլսարի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի առջև

Ամուլսարի հանքավայրի աշխատակիցները դժգոհում են ընկերության աշխատանքների դադարեցումից և բողոքի ցույց են անցկացնում Հայաստանի կառավարության շենքի առջև:
«Արդեն 53-րդ օրն է, ինչ մեր աշխատանքը դադարեցված է: Բազմիցս գրել ենք կառավարությանը, որ այս հարցին ինչ որ լուծում տրվի, սակայն այդպես էլ պատասխան չենք ստացել: Այսօր որոշել ենք հավաքվել այստեղ, մեր հարցերի պատասխանը ստանալու նպատակով», - ասաց «Լիդիան Արմենիա » ընկերության կենսաբազմազանության մոնիթորինգի մասնագետ Մխիթար Արշակյանը:
Նրա խոսքերով՝ ցուցարարները պատրաստ են որքան անհրաժեշտ է սպասել կառավարության արձագանքին:
Հանդիպման ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսերյանը ցույցի մասնակիցներին առաջարկեց սպասել 15 օր:
«Դուք 53 օր սպասել եք, խնդրում ենք ձեզ սպասել մի քանի օր ևս, որպեսզի աշխատանքային խումբն ավարտի իր ստուգումները, և մենք ունենանք դրանց արդյունքում ստացված հավաստի եզրակացություններ: Այդ արդյունքների հիման վրա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկատարի իր վերջնական որոշումը (հանքավայրի շահագործման վերաբերյալ՝ խմբ.)», -ասեց Սիսերյանը:
Նա նաև նշեց, որ հանդիպումից անմիջապես հետո հարցը քննարկվելու է «Լիդիան Արմենիա » ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ՝ աշխատակիցներին հուզող մի շարք խնդիրների պարզաբանման նպատակով:
Հիշեցնենք, որ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Երևանում և այլ մարզերում բողոքի տարբեր ցույցեր էին ընթանում, որոնց մասնակիցներն առաջ էին քաշում ինչպես քաղաքական, այնպես էլ բնապահպանական պահանջներ, մասնավորապես՝ կապված Ամուլսարի հանքավայրի շահագործման էկոլոգիական ռիսկերի հետ:
Լիդիան Արմենիան 2005 թ. հիմնված հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է, որի բաժնետոմսերի 100% պատկանում է Լիդիան Ինթերնեյշնլ ԲԲԸ-ին: Ամուլսարի հանքավայրի շահագործումը կազմակերպության առաջին ծրագիրն է Հայաստանում:
Ամուլսարի ոսկու հանքավայրը մաքուր ոսկու պաշարներով Հայաստանում երկրորդն է, պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքանյութ և 40 տոննա մաքուր ոսկի: Այն գտնվում է երկրի հարավ-արևելքում, Ջերմուկ առողջարանային համալիրից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջագետքում: