Բավ է պառակտվել
23-03-2023 18:19

Երևանի «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում առևտրի կենտրոնի տարածքում

«Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում առևտրի կենտրոնի տարածքում։

Նրանք դժգոհում են, որ տեսչական մարմինը տոնավաճառը բացելու որոշում դեռ չի կայացրել։

Ցուցարարները հայտարարեցին նաև Արշակունյաց պողոտան փակելու մտադրության մասին։

«Տեսչական մարմինն ամեն օր խոստանում է իր աշխատակիցներին ուղարկել մեզ մոտ, որպեսզի վերջապես ասեն, թե տոնավաճառի աշխատակիցները ինչպիսի խախտումներ պետք է վերացնեն։ Սակայն նրանք չկան ու չկան։ Արդեն քանի օր է անցել»,- ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ հայտնեց, որ առևտրի կենտրոնի աշխատանքը զսպում էր գները։

«Այս տոնավաճառը գները ցածր է պահում։ Եթե դա չլինի, Երևանում գները կբարձրանան. «Սուրմալուն» Հայաստանի ամենաէժան առևտրի կենտրոնն է։ Այսինքն՝ մենք մրցակցում ենք այլ առևտրի կենտրոնների հետ, որտեղ գները զգալիորեն բարձր են։ Պարզ է, որ ապահովված զանգվածը մեզ չի այցելում։ Մեզ հիմնականում այցելում են միջին և ցածր խավի ներկայացուցիչներ»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Ակցիայի վայր են բերվել զգալի ոստիկանական ուժեր։

Սուրմալու առևտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության բազմաթիվ խախտումներ։

Օգոստոսի 14-ին ժամը 13.23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Մասամբ փլուզվել է ավելի քան 2,8 հազար քմ մակերեսով եռահարկ շինություն։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, մեկն անհետ կորել է։ Տուժել է 63 մարդ, այդ թվում՝ երեխաներ։