Բավ է պառակտվել
11-10-2022 10:32

Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանից տեղեկատվություն է պահանջել հայ ռազմագերիների արտադատական ​​մահապատիժների մասին

Եվրոպայի խորհուրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակ է հղել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյխուն Բայրամովին՝ պահանջելով «հստակ և մանրամասն» տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների առնչությամբ Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած միջոցների վերաբերյալ՝ կապված հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի հետ:

Նա հիշատակել է վերջին տեսագրությունները, որոնք ցույց են տալիս հայ ռազմագերիների նկատմամբ դաժան բռնություններ, այդ թվում՝ արտադատական ​​մահապատիժներ։

«Նկատի ունեցեք, որ Եվրոպայի խորհուրդը ուշադրությամբ հետեւելու է այս հարցին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի համաձայն՝ երաշխավորելու, որ կազմակերպության չափանիշներն ամբողջությամբ պահպանվեն»,- ասվում է նամակում։

Հոկտեմբերի 2-ին սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարված անզեն հայ զինվորականների գնդակահարության տեսանյութը։ Հայաստանի ՊՆ-ն և ՄԻՊ գրասենյակը հաստատել են տեսանյութի իսկությունը․ այս պատերազմական հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի Զինված ուժերի լայնածավալ հարձակման ժամանակ։ Արարքի կատարման տեղանքը պարզվել է, տեսանյութում երևացող ռազմագերիները ինքնությունը նույնականացվում է։