Բավ է պառակտվել
08-11-2016 11:15

Խորհրդային «Տիտանիկը». «Արմենիա» ջերմանավի կործանման գաղտնիքը

1941թ–ի նոյեմբերի 7–ին Սև ծովում տեղի ունեցած ողբերգությունը, տարբեր տվյալներով, խլել է 5000-7000 մարդու կյանք։

 Ուղիղ 75 տարի առաջ տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն ծովային աղետներից մեկը` գերմանացիները խորտակեցին սանիտարական «Արմենիա» ջերմանավը»։ «Արմենիա» ջերմանավը կառուցվել էր 1928 թ.-ին Լենինգրադի Բալթյան գործարանում, այն Սև ծովի վեց լավագույն ուղևորատար նավերից էր։ Մեծ հայրենական պատերազմի սկսվելուց հետո նավը ծառայում էր ռազմական նպատակների համար` այն դարձավ լողացող հոսպիտալ. նավում կարելի էր առաջին օգնություն ցուցաբերել ու տեղափոխել 400 վիրավորի։  1941թ. հոկտեմբերի վերջին Ղրիմում աղետալի վիճակ էր, և նավով փոխադրում էին ոչ միայն վիրավորների, այլև փախստականների։ Վերջին անգամ նավը տեղափոխել է հսկայական թվով վիրավորներ, տեղի բնակիչներին, Ղրիմի կուսակցական ղեկավարներին, Սևծովյան նավատորմի գլխավոր ռազմական հոսպիտալի անձնակազմին, ինչպես նաև հույժ գաղտնի բեռ։ Կապիտան Պաուշևսկին գիտեր, որ հսկողության բացակայության դեպքում միայն մութ գիշերվա շնորհիվ նավը կարող է անվտանգ հեռանալ, և հակառակորդի ավիացիան չի կարող հարձակվել «Արմենիայի» վրա։ Սակայն նավը ծով է դուրս է եկել ոչ թե գիշերը, այլ ցերեկը։ Տվյալները հակասական են. կապիտանն անձա՞մբ է այդ որոշումը կայացրել, թե՞ նրան «վերևից» են հրամայել։ Պաշտոնական տվյալներով` զոհվել է 5000 մարդ, միայն ութ մարդ է փրկվել։ Շատ հարցեր է հարուցում այն փաստը, որ այդ ողբերգական միջադեպի վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացվել են 1949թ-ին։ Որոշ տվյալներով` գերմանացի վետերանների միջոցով փորձել են գտնել տորպեդակրի անձնակազմին, որը հարձակվել է «Արմենիայի» վրա, որպեսզի ճշտեն ջերմանավի կործանման դետալները և կոորդինատները։ Պատասխանն անսպասելի էր` արխիվը տարվել է ԽՍՀՄ։ «Արմենիայի» ողբերգությունը մինչև հիմա Հայրենական մեծ պատերազմի մութ էջերից է, քանի որ այս պատմության շատ հարցեր այդպես էլ պատասխան չեն ստացել։