Բավ է պառակտվել
10-01-2023 10:03

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում վարչապետին վերացնել խտրականությունը և Փաշինյանի ասուլիսին հրավիրել բոլոր լրատվամիջոցներին

Շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցներ զրկվել են հունվարի 10-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելու և նրան հարցեր հղելու հնարավորությունից: Այս մասին հայտնում են Հայաստանի ժուռնալիստների միությունից։

«Այդ լրատվամիջոցների արգելքի համար պաշտոնապես որևէ ողջամիտ բացատրություն չի ներկայացվել, ինչն, արդեն ողջամիտ կասկած է հարուցել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելուց առանձին լրատվամիջոցներ զրկվել են ոչ իշխանական դիրքավորման համար։ Մյուս կողմից, սակայն, մամլո ասուլիսին մասնակցելու հրավեր ստացել են նաև ոչ իշխանական մի քանի այլ լրատվամիջոցներ»,- ասված է հայտարարությունում։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետական պաշտոնյայի մասնակցությամբ կայանալիք հրապարակային միջոցառման մասնակիցների ընտրության հարցում Կառավարության կամ վարչապետի աշխատակազմի կողմից ցուցաբերված խտրականությունը, որը հակասում է ժողովրդավարության, մամուլի ազատության և հավասարության հիմնարար սկզբունքներին և ավելի է խորացնում երկրում առանց այդ էլ ահագնացող փոխադարձ անհասկացվածության ու անհանդուրժողականության մթնոլորտը։

«Կառավարության աշխատակազմին կոչ ենք անում առավելագույն սեղմ ժամկետում չեղարկել այդ խտրական որոշումը և հունվարի 10-ին կայանալիք մամլո ասուլիսին ապահովել առանց բացառության բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը։ Հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը, ինչի նպատակով պետական պաշտոնյաները ստիպված են անցկացնել մամլո ասուլիսներ, չեն կարող լինել հատվածական, խտրական կամ ընտրովի։ Հակառակ դեպքում, ձևախեղվում են բոլոր այն նպատակադրումները, որոնց համար նախատեսվում են նման հանրային միջոցառումները»,- ասված է հայտարարության մեջ։