Բավ է պառակտվել
24-08-2019 15:33

Փրկարարները դժվարությունների են բախվել Հայաստանի Խոսրովի արգելոցի մերձակայքում 17 հա մակերեսով հրդեհը մարելու ժամանակ

Փրկարարները շուրջ մեկ օր պայքարում են հրդեհի դեմ Հայաստանի Խոսրովի արգելոցի մերձակայքում:

Ինչպես հայտնել են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից, “Խոսրովի անտառ” պետական արգելոց տանող ճանապարհին՝ “Մեղրաքար” կոչվող հատվածում փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները։

Հրդեհը բռնկվել է օգոստոսի 23-ին, ժամը 12: 07-ին: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատը:

Շաբաթ օրվա ժամը 10:30-ի դրությամբ այրվում էր շուրջ 17 հա բուսածածկ տարածք: Աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով:

Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 74 փրկարար, Խոսրովի արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ: Աշխատանքը կառավարում է ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը:

Խոսրովի (Գառնիի) արգելոցը տեղակայված է Գեղամա լեռնաշղթայի լեռնաբազուկների վրա, զբաղեցնում է 29 հազար հեկտար տարածություն Ազատ և Խոսրով գետերի ավազաններում և գտնվում է ծովի մակարդակից 1,400-2,250 մ բարձրության վրա: Տարածքն առանձնանում է բուսական և կենդանական աշխարհի առանձնահատուկ բազմազանությամբ և հարստությամբ. Գոյություն ունեն բույսերի գրեթե 1700 տեսակ, ինչպես նաև միջատների և կենդանիների շատ հազվագյուտ տեսակներ, մասնավորապես՝ անդրկովկասյան գորշ արջ, վայրի խոզ, լայնականջ ոզնի, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, լուսան, գայլ, աղվես, առաջավորասիական ընձառյուծ և այլն։