Բավ է պառակտվել
10-04-2019 13:15

“Սպայկան” զգուշացնում է Հայաստանի շուրջ 80 համայնքներում մթերումների գործընթացի ձախողման մասին

“Սպայկա” ընկերությունը հանդես է եկել մթերումների գործընթացի և նրա տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորումից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։

Ապրիլի 8-ին Երևանի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել “Սպայկա” ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանին 7 մլրդ․դրամ հարկեր չվճարելու մեղադրանքով։ Հայկական ԶԼՄ-ները գրում էին, որ ընկերությունը կհրաժարվի գյուղմթերքի մթերումից, իսկ “Սպայկա”-ի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ բնականոն գործունեությունը շարունակելու դեպքում կարտահանի ավելի քան 100 հազար տոննա մթերված և սեփական գյուղմթերք։
“Սպայկա” ընկերությունն իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով: Պետության անվտանգությունը մեզ համար եղել և մնում է կարևորագույն չափանիշ”,- ասվել է հայտարարությունում։

Փաստաթղթում նշվել է, որ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է կառավարության հետ, ներկայացնելով տարբեր ծրագրեր, երկիր գրավելով ներդրումներ, բացելով բիզնեսի ֆինանսավորման բազմաշերտ դռներ, պատրաստելով գյուղատնտեսության բարձրակարգ մասնագետներ: “Մենք ողջունում ենք հռչակված տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակը և պատրաստ ենք աջակցել՝ հասնելու այն նշաձողերին, որոնք կառավարությունը սահմանում է”,- ասվել է հայտարարությունում:

Հեղինակները հիշեցրել են, որ 2010 թվականից ի վեր “Սպայկան” մթերումներ է իրականացնում Հայաստանում, և անկախ ընկերության ունեցած օբյեկտիվ դժվարություններից եղել և շարունակում է մնալ արտադրողի և ֆերմերի կողքին։ “Այս բոլոր տարիների ընթացքում չի եղել մի հիմնավորված դեպք, որ ընկերությունը պարտք մնա որևէ ֆերմերի: Ընկերությունն աշխատում է տասնյակ հազարավոր ֆերմերների հետ, տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն”,-ասվել է փաստաթղթում:

Ընկերությունում նշել են, որ մթերումների գործընթացը կազմակերպելու համար նրան ամսական անհրաժեշտ է շուրջ 5 մլրդ․դրամ, որն օտագործվում է ընկերության շրջանառու վարկային միջոցներից։ “Այդ միջոցները կարճաժամկետ են և ենթակա են անվերապահ հետվերադարձման բանկին մեկ կամ երկու ամսյա ժամկետը լրանալուն պես: Համաձայն վարկային պայմանագրի՝ բանկի կողմից այդ միջոցները կարող են ցանկացած պահի կրկին չտրամադրվել օգտագործման, եթե բանկը համարի, որ ընկերության բնականոն գործունեությունն ինչ-ինչ պատճառներով խաթարված է կամ ընկերության ֆինանսական դրությանը կարող է վտանգ սպառնալ: Դրա համար բանկին որևէ հիմնավորում պետք չէ”,-ասվել է հայտարարությունում:

Իր մամլո ասուլիսի ժամանակ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն ասել է, որ նախորդ տարվա օգօստոսին ընկերության բանկային հաշիվները սառեցվել էին բանկերի կողմից, ինչի հետևանքով ընկերությունը պարալիզացվել էր։ Դրանք կրկին բացվել էին ընկերության նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո։

“Ընկերությունն այդ ժամանակ ստիպված եղավ վճարել ՊԵԿ-ի կողմից չհիմնավորված 2.045.մլրդ․դրամի հարկային պարտավորություններ, որպեսզի ի վիճակի լինի շարունակել իր գործունեությունը: 2018 թվականի մայիսի 2-ից մինչև 2019 թվականի ապրիլի 4-ն ընկերությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրել է մոտ 90.մլն․դոլար”,- նշվել է կազմակերպությունում։

Հեղինակները նշել են, որ այսօր տնօրենի կալանավորման և պետական մարմինների կողմից ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները:

“Նման պայմաններում ընկերությունը չի կարողանալու օգտվել շրջանառու միջոցներից և կազմակերպել նախապես պլանավորած մթերում մի շարքլ համայնքներում”,- ասվել է հայտարարությունում և թվարկվել շուրջ 80 համայնք Արարատի, Արմավիրի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում։

“Մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկին զուգահեռ գյուղացիական տնտեսությունները ներգրավում են ֆինանսական միջոցներ, հաճախ նաև վարկային (ինչպես և մեր ընկերությունը) ագրոտեխնիկական համապատասխան աշխատանքների կազմակերպման համար: Նման միջոցներ ներգրավելու համար ֆերմերներին անհրաժեշտ է մթերքի սպառում, առնվազն կատարված ծախսերը փակելու համար:

“Սպայկա” ընկերության դերը գյուղատնտեսության մեջ հենց այդ հավելյալ հնարավորությունն է ֆերմերների համար և ոչ թե պարտադրանքը՝ մթերքն առանց այլընտրանքի հենց “Սպայկա” ընկերությանը վաճառելու: Ընկերությունն առնվազն 10 տոկոս շուկայական մթերման գնից բարձր գին է առաջարկում ֆերմերներին:”,- ասվել է հայտարարությունում։
Փաստաթղթի հեղինակները նշել են, որ անգամ այսօր՝ տնօրենի կալանավորման հետ կապված ծայրահեղ անբարենպաստ պայմաններում ինտենսիվ աշխատանք է տարվում նշված համայնքներում մթերումների գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ։

“Ընկերության կողմից մթերման աշխատանքների հնարավոր ձախողումը որևէ կերպ չի բխում ընկերության շահերից: Դա միայն ու միայն կարող է տեղի ունենալ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ապօրինի կալանավորման արդյունքում ընկերության գործընկեր արտասահմանյան և տեղական բանկերի կողմից ընկերության վարկային հաշիվների սառեցման կամ գույքի նկատմամբ կալանքի իրավունքի կիրառման և ստեղված իրավիճակի հետևանքով ընկերության ֆինանսական դրության կտրուկ վատթարացման հետևանքով”,- ասվել է հայտարարությունում:

Ավելի վաղ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մեղադրել է “Սպայկա” ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին առանձնակի խոշոր չափերի՝ 7 036 666 312 դրամ (ավելի քան $14,4 մլն.) մաքսատուրք և հարկ բյուջե չվճարելու մեջ:

Ղազարյանը հերքել է այդ մեղադրանքնը, հայտարարելով, որ նշված գումարից 5,5 միլիարդն ԱԱՀ-ն է, որը համաձայն գործող օրենսդրության ենթակա է վերադարձման։

2001 թվականին հիմնադրված հայկական “Սպայկա” ընկերությունը 2007 թվականից սկսած զբաղվում է Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա պտուղ- բանջարեղենի արտահանությամբ և վաճառքով։ Ընկերության գործունեության ոլորտներից մեկն է փաթեթավորման, այդ թվում՝ պոլիսթիրոլե արկղերի և բեռնատակդիրների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգեգործության զարգացմամբ։

Մարտի 26-ին “Սպայկան”, կատարելով 15 մլն դոլար ներդրում, շահագործման է հանձնել պանրի գործարանը, որի բացմանը ներկա է գտնվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։