Բավ է պառակտվել
06-04-2020 20:13

Հատուկ չվերթով Ռուսաստանից Հայաստան կժամանի 222 հայաստանցի

Այսօր Red Wings ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթով Հայաստան կժամանի Ռուսաստանում գտնվող և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ցանկություն հայտնած 222 ՀՀ քաղաքացի, հայտնել է փոխվարչապետ, ԱԴ պարետ Տիգրան Ավինյանը։

“Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կուղեկցվեն Երևանի և Ծաղկաձորի հյուրանոցներ, որտեղ 14 օր կգտնվեն կարանտինում։”,- գրել է Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նա տեղեկացրել է, որ մի քանի րոպե առաջ Red Wings ավիաընկերությունը ստացել ՌԴ կառավարության՝ մեկ չվերթ կատարելու թույլատվությունը, որի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստնը մարտի 27-ից դադարեցրել է այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Ապրիլի 4-ի, ժամը 00։00-ից դադարեցվել են նաև ռուսաստանցիներին Հայրենիք տեղափոխելու նպատակով կատարվող չվերթներն, որոնց համար ավելի վաղ բացառություն էր արվել։

Օրերս Հայաստանի դեսպանությունը ՌԴ-ում տեղեկացրել էր, որ Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է Red Wings ավիաընկերությանը ապրիլի 6-ին իրականացնել Մոսկվա-Երևան չարտերային չվերթը, որով Հայրենիք կարող է վերադառնալ 220 ՀՀ քաղաքացի։ Ընդ որում, դեսպանության տվյալներով՝ Հայաստան վերադառնալու ցանկություն է հայտնել ավելի քան 2 հազար մարդ։