Բավ է պառակտվել
15-01-2020 16:21

Մագիստրատուրայի տարիքում մեծ է հակվածություն կա արտագաղթելու․ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը շրջանառության մեջ են դրել մի նախագիծ, որով ցանկանում են արտոնություն տալ աշխատող ուսանողներին։ Մագիստրատուրայում սովորող ուսանողները կկարողանան հետ ստանալ իրենց աշխատվարձերից գանձվող եկամտահարկը։ Իհարկե այս արտոնությունն առայժմ միայն օրենսդրական առաջարկի տեսքով է։
«Մենք սրանով նախ խրախուսում ենք աշխատանքը։ Հաճախ մենք ունենք այնպիսի մոտեցում, որ ուսանողների վարձավճարը, այդ թվում նաև մագիստրատուրայում, հոգում են նրանց ընտանիքի անդամները, ծնողները։ Մենք գտնում ենք, որ մագիստրատուրայի ուսանողներն արդեն այն կարգավիճակում են, որ կարող են աշխատել ու վճարել իրենց ուսման վարձը։ Եվ սա նաև մտածողություն է ձևավորում»,– ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում նախագիծը ներկայացնելիս ասաց Լիլիթ Մակունցը։
Նշենք,որ նախագիծը որոշակի փոփոխություններ է կրել: Եթե ի սկզբանե պատգամավորներն առաջարկում էին, որ աշխատող ուսանողների եկամտահարկն ուղղվի իրենց ուսման վարձի վճարմանը ու դա նաեւ բակալավրի մասին էր, հիմա որոշել են նեղացնել շրջանակը, արտոնությունն արդեն նախատեսվում է միայն մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորող ուսանողների համար, ընդ որում, ոչ բոլորին, միայն այն մասնագիտությունների գծով, որը կնախատեսի կառավարությունը՝ հաշվի առնելով մասնագիտությունների պահանջարկը՝ օրինակ, IT ոլորտ, գյուղատնտեսություն եւ այլն:

Նախատեսվում է, որ օրենքն ընդունվելու դեպքում այն կկիրառվի արդեն 2020թ.–ի սեպտեմբերից։ Ընդ որում, չի բացառվում, որ կառավարությունը համաձայնի արտոնությունը տարածել նաև մագիստրատուրայի երկրորդ կուրսում սովորողների վրա։
Կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ կրթությունը չափազանց կարևոր է, բայց իրենք համոզված չեն, որ ուսանողները չեն աշխատում միայն այն պատճառով, որ ստիպված են իրենց աշխատավարձից եկամտահարկ վճարել։
«Մեր կարծիքով` կան շատ ավելի ուրիշ պատճառներ, մասնավորապես` աշխատանքային փորձի բացակայություն, որակավորման բացակայություն, ազատ ժամանակի բացակայություն, կամ ի վերջո ցանկության բացակայություն, աշխատաշուկայի հագեցվածություն։ Սա նաև լրացուցիչ բեռ է պետության համար։ »,– ասաց փոխնախարարը։
Սակայն Մակունցն ասաց, որ ուսումնասիրել են արտագաղթողների ցանկը, մագիստրատուրայի տարիքում մեծ է հակվածությունը արտագաղթելու, եվրոպական երկրներում անվճար կրթություն են տալիս՝ կրթաթոշակների միջոցով ու ուսանողները գնում են: «Եթե նրանք ՀՀ-ում աշխատանք ունենային ու կրթություն կարողանային ստանալ, այս դեպքերը զգալիորեն կկրճատվեին»:

«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ այս նախագծի ընդունման դեպքում 45 տարեկան մարդը, որն արդեն աշխատում է, կգնա արհեստականորեն մագիստրատուրա, որ եկամտահարկ ստանա, կրթության կարեւորությունը կնվազի:

Իմ քայլական Հովիկ Աղազարյանն ասաց,որ ուսման որակը անկասկած, կտուժի, ինչ չափով՝ դժվար է ասել: Նա հարցրեց. «Կառավարությունը ցանկը որոշելիս պետք է հաշվի առնի, որ հետագայում էդ մասնագետները պետական համակարգում գան աշխատեն: Եթե կառավարությունը նման հույս ունի, դա պետք է պայմանագրերով ֆիքսի, ավելի նպատակահարմար չի՞ լինի, որ հաստատվի այդ մասնագիտությունների ցանկը ու ասի՝ ովքեր հետո գան աշխատելու պետական համակարգում, երեք տարվա ընթացքում էդ գումարները հետ է գալու: Հավայի բան եք անում ի՞նչ»:

Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ օրինագիծն ավելի ճիշտ կլիներ քննարկել կրթության հարցերի հանձնաժողովում և ոչ թե տնտեսական։ Նա նշեց, որ իրենք ստիպված են հարցը դիտարկել բացառապես տնտեսական էֆեկտի տեսակետից, մինչդեռ կրթությունը նաև այլ մոտեցում է ենթադրում։
«Այդուհանդերձ, ես կողմ կքվեարկեմ ու հանձնաժողովի անդամներին էլ կոչ կանեմ կողմ քվեարկել»,– ասաց Թունյանը։
Քննարկման մասնակիցները հետևեցին հանձնաժողովի նախագահի կոչին։ Օրինագիծն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգում։
Դրա հետագա ճակատագիրը պարզ կլինի արդեն խորհրդարանի առաջիկա նստաշրջանում քննարկվելուց հետո։

 

Արմինե Գևորգյան