Քննություն է տարվում՝ Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը։
Նախնական տվյալներով, 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքում արական սեռի կենդանածին պտղի ծննդաբերությունից հետո մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին:
Վերջինս որպես առաջնածին բժշկական կենտրոն էր դիմել սեպտեմբերի 26-ին։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Բացատրություններ են վերցվել բուժսպասարկումն իրականացնող անձնակազմի անդամներից, առգրավվել հիվանդության պատմությունը:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, միջոցներ են ձեռնարկվում՝ ծննդկանի մահվան դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։