Բավ է պառակտվել
17-01-2020 17:01

Հայտնի են դարձել Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրենի մահվան նոր հանգամանքներ

Հայաստանի Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ։

Հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնել է, որ ըստ օպերատիվ տվյալների՝ Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը։

“Երբ մենք ժամանեցինք դեպքի վայր՝ այնտեղ էին նրա կինը և հայրը”,- ասել է Մելիքյանը։

Նա տեղեկացրել է, որ ներկա պահին կատարվում է դեպքի վայրի զննություն, աշխատում են դատական բժիշկները։ Ուսումնասիրվում են նաև տարածքում տեղակայված տեսխցիկները, որպեսզի ինֆորմացիան չկորչի, ապացույցներ չկորցնեն։

Նա նաև նշել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է զենք։ Ավելի ուշ կներկայացվեն լրացուցիչ մանրամասներ։

Գեորգի Կուտոյանի կենսագրությունը

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երևանում: 2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2005թ. ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն “1950թ. մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)” թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):
2002-2010թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:
2005-2006թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ:
2006-2007թթ. աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Օմբուդսմենի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:
2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:
2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի նախագահի օգնականի պաշտոնը:
2011-2014թթ. եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:
Արդարադատության առաջին դասի խորհրդական է: Տիրապետել է ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին:
Ամուսնացած էր, ուներ մեկ որդի: