Բավ է պառակտվել
30-06-2021 23:38

Հայտնի է, թե Մոսկվայում որտեղ և ինչ պատվաստանյութերով կարող են պատվաստվել միգրանտները

«Կոմերսանտը» ներկայացրել է Մոսկվայում բնակվող աշխատանքային միգրանտների պատվաստման կարգը, որոնց թվում են նաև Հայաստանից ժամանածները:

Աշխատանքային միգրանտները ներառված են Մոսկվայում առևտրի, սննդի և սպասարկման ոլորտի աշխատողների՝ պարտադիր պատվաստման ենթակա ցանկում։ Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանից հայտնել են, որ նշված անձանց պատվաստումն իրականացվում է համաձայն հայտերի և գործատուների հաշվին:

Միգրանտներին կպատվաստեն «Սպուտնիկ Լայթ» նոր միաբաղադրիչ պատվաստանյութով 1,3 հազար ռուբլու դիմաց առայժմ երկու պատվաստակետում, որոնց օրական թողունակությունը 4 հազար մարդ է:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է Մոսկվայում աշխատանքային միգրանտներին պատվաստելու փորձի մեկնարկի մասին: «Պատվաստումը սկսվում է պիլոտային ռեժիմով՝ Մոսկվայի գլխավոր պետական սանիտարական բժշկի հրամանագրի պահանջներին ենթակա գործատուների հայտերի հիման վրա», - ասել է քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի և Մերձմոսկվայի գլխավոր սանիտարական բժիշկների հրահանգով այդ սուբյեկտների տարածքներում գործող խանութների, սրճարանների և ռեստորանների, բանկերի, տաքսի ծառայության ընկերությունների, գեղեցկության սրահների և ֆիթնես կենտրոնների սեփականատերերը, թանգարանների և թատրոնների ղեկավարությունը մինչև օգոստոսի 15-ը պետք է պատվաստեն իրենց աշխատակիցների 60%-ը։ Պարոն Սոբյանինը հստակեցրել է, որ «առաջին փուլում» օտարերկրացիները պատվաստվելու են «Sputnik Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութով:

«Դա կարող է Sputnik V- ից պակաս արդյունավետ պատվաստում լինել, բայց միևնույն է, դրական ազդեցություն ունի: Միգրանտների տեղաշարժը սահմանից այս ու այն կողմ, կոլեկտիվից կոլեկտիվ, մարզից մարզ անցնելիս բավականին ակտիվ է, ուստի դժվար է ապահովել պատվաստումների բնականոն ցիկլ», - պարզաբանել է քաղաքապետը:

Պատվաստումների առաջին կետը կազմակերպվել է Սախարովո գյուղի միգրացիոն կենտրոնում, որտեղ աշխատում են երկու բժիշկ և 12 բուժքույր: Իշխանությունները խոստանում են այստեղ օրական պատվաստել մինչև 2 հազար օտարերկրացու: Հունիսի 29-ին Լյուբլինոյի «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում կգործարկվի միգրանտների պատվաստման մեկ այլ կայան` նույն թողունակությամբ: Մայրաքաղաքի քաղաքապետարանը հայտնել է, որ միգրանտների պատվաստումը կարժենա 1300 ռուբլի, աշխատողների համար պետք է վճարի և վկայականները ստանա գործատուն:

Մոսկվայի առողջապահության վարչությունից «Կոմերսանտին» հայտնել են, որ գործընթացը կազմակերպելու համար ընկերությունները պետք է քաղաքապետարանին ներկայացնեն ցուցակներ՝ օտարերկրյա աշխատողների անձնագրային տվյալներով, ինչպես նաև տեղեկություններ նրանց արտոնագրերի, բնակության թույլտվության կամ Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր կացության թույլտվության մասին: Միևնույն ժամանակ, վարչությունից նշել են, որ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից (Մաքսային միության անդամ երկրներ) միգրանտների համար բավարար են միայն անձնագրային տվյալները։ Նշված պահանջները տարածվում են բոլոր երկրների քաղաքացիների վրա`առանց բացառության: Այսպես, եթե Ռուսաստանի սպասարկման ոլորտում (խանութներ, ռեստորաններ, ֆիթնես կենտրոններ) աշխատում է Մեծ Բրիտանիայի կամ Միացյալ Նահանգների քաղաքացի՝ գործատուն պարտավոր է ապահովել նրա պատվաստումը: Իսկ, օրինակ, Տաջիկստանի անձնագրով ՏՏ ոլորտի աշխատակցի վրա այս օրենքը չի տարածվում։

Հայտերը ներկայացնելուց հետո գործատուին կնշանակվի աշխատակիցների պատվաստման ամսաթիվը և ժամը: «Օտարերկրյա աշխատողներին պատվաստման կետեր տեղափոխումն իրականացնում է գործատուն», - շեշտել են մայրաքաղաքի քաղաքապետարանի մամլո ծառայությունից:

Իր հերթին, պարոն Սոբյանինը նշել է, որ ապագայում միգրանտների պատվաստումների սխեման կպարզեցվի, իսկ այդ մեխանիզմը կտարածվի «օտարերկրյա քաղաքացիների այլ խմբերի, ներառյալ՝ ինքնազբաղվածների վրա»: