Բավ է պառակտվել
18-12-2020 16:43

Շուռնուխի գյուղապետը ՊՆ-ից հստակ պատասխան չի ստանում` գյուղի ներքեւի թաղն արդյո՞ք անցնելու է Ադրբեջանին

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մեջտեղով է անցնում Գորիս–Կապան մայրուղին։ Այն ԽՍՀՄ վարչական սահմաններով գյուղը բաժանում է երկու մասի` ադրբեջանական և հայկական։ Արդյուքում` գյուղի 12 տուն կարող է անցնել Ադրբեջանին։ Գյուղապետ Հակոբ Արշակյանն ասում է, որ երեկ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հենց այս հարցն է բարձրացրել, սակայն հստակ պատասխան չի ստացել։
«Նախարարը հստակ չի կարողանում պատասխանել` ներքևի թաղը մնում է մեր հսկողության տա՞կ ,թե՞ անցնում է իրենց։ Մարդ կա 800 մետր հող, ոչխար ու կով ունի, ու չգիտի հանի՞ ներքևի թաղից, թե՞ չհանի։ Ոչ մեկ պատասխան չի տալիս։ Կամ եթե ներքևի թաղը մնում է մեր վերահսկողության տակ, ապա բնակչի տնամերձ այգու տակը ո՞վ է կանգնելու։ Ասում են` ռուս սահմանապահները միայն մայրուղին են պահելու, ոչ թե գյուղը, իսկ գյուղի երեխան, որ մտնի իր բոստանը, հենց թուրքի նշանառության տակ է լինելու»,- «Gisher.news-ի» հետ զրույցում ասում է գյուղապետը։
Հակոբ Արշակյանը անդրադարձավ նաև Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի վերջին հայտարարություններին, թե "ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու": Վրդովվեց. "Էդ ոնց՞:
«Էդ ոնց՞: Եթե ոչ մի միլիմետր չտվող տղան կարողանում ա տենց բան ասի, խի մի երկու լրագրող չբերեցին, որ մասնակցի մեր խորհրդակցությանը: Ասեմ՝ ինչի, որ ոնց ուզեն հետո մեկնաբանեն, ինչ ուզեն գրեն, իսկ իրականությունը ոնց կա, տենց էլ մենակ մենք իմանանք»:
Ըստ նրա` Շուռնուխի ձախ հատվածի տներն էլ «Ալիևի GPS–ով ցույց է տալիս, որ իրենցն է Հարցին՝ թե ինչ է լինելու այդ 12 ընտանիքների ճակատագիրը ՝ գյուղապետը նշեց․ «Հայ ազգի ճակատագիրը ում ձեռքինա,ո՞վ կար իմանա, արդեն էս էլ են բիզիմիդիր անում»։
Հակոբ Արշակյանն ասում է, որ մինչեւ պաշտպանության նախարարի հետ հանդիպելը գյուղացիներին կոչ է արել չանհանգստանալ, բայց այսօր առավոտյան արդեն չգիտի, թե ինչ ասի։
«Մեր կամավորական ու մարտական ընկերները եկել են, մեզ հետ են։ Մենք ընկճված չենք, բայց դրա հետ մեկտեղ երաշխիք չկա, որ մենք կանանց ու երեխաներին թողնենք այստեղ։ Մենք քննարկում ենք կանանց ու երեխաներին գյուղից հանենք։ Տղան, որ պոստին կանգնած ա իր ուշքն ու միտքը տունը չլինի, այլ առաջ նայի, որ մի փորձանքի չհանդիպի»,- ասել է գյուղապետը։
Արշակյանը վերջում հորդորեց ,որ 2018 թ–ի նման Դըմփ–Դըմփ հու հա չանել։
Երեկ Արշակյանը տեսաուղերձով կամավորականներին կոչ էր արել առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ «գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար»։
Սյունիքի մարզում սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվել մի շարք կարևորագույն դիրքերը։ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը «Gisher.news-ի» հետ զրույցում հաստատել է, որ այսօր մինչեւ ժամը 17։00 պետք է թողնել զբաղեցրած դիրքերը։ Ըստ այդմ, Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի եւ հարակից 13 գյուղերի անվտանգությունը։
Ընդ որում` Ադրբեջանի հետ սահմանը կարող է անցնել Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածից 100 մետր եւ բնակելի հատվածից՝ 1 կմ հեռավորության վրա։

Արմինե Գևորգյան