Բավ է պառակտվել
17-09-2016 12:47

Էջմիածնում երեկ հնչած կրակոցների մանրամասները

Էջմիածնում երեկ հնչած կրակոցներից հետո քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի շտաբի ներկայացուցիչ, ավագանու անդամ Ստեփան Աբգարյանը ևս տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Վերջինս միջադեպից այլ մանրամասներ պատմեց՝ նշելով,որ տեղի ունեցածը եղել է սադրանք իրենց նկատմամբ: Ըստ նրա՝ ընդհարումը կողմերի միջև եղել է իրենց շտաբի անդամ Կիրակոս Բաժակյանին քաղաքապետի մյուս թեկնածու, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ներկայացուցիչների կողմից առևանգելուց հետո:

«Մեր ավագանիներից մեկին առևանգել էին, մի հատ զանգ եկավ, ասացին, որ ինչ-որ մի զապռավկում իրեն ծեծում են: Դրանից հետո գնացինք բոլոր զապռավկեքը, ինչքան որ կար պտտվեցինք, որ գտնենք: Կիրակոս Բաժակյանին առևանգել էին իր մեքենայով ու ման գալուց մտածում էինք, որ եթե մեքենան այստեղ չի, ուրեմն ինքն էլ այդտեղ չի լինի: Դուրս չեկած Էջմիածնի կենտրոնական փողոց, մի հատ մեքենա մեր մեքենայի հետևից հարվածեց, իջանք ու տեսանք մեծ բազմություն գալիս են մեզ վրա»,- պատմեց նա:

Ստեփան Աբգարյանն ասաց, որ «հատուկ էին» սարքել, որ իրենց ծեծի ենթարկեն և մրցակից թեկնածուի կողմնակիցների արարքը գնահատեց որպես «թուլամորթ մարդանց քայլ»: «Թումլամորթ արարք է, երբ որ 20-30 հոգով մեկ, երկու հոգու վրա հարձակվում են»,-ասաց նա:

Հարցին, թե իրենց վրա հարձակվողները զինված էին, թե ոչ, Ստեփան Աբգարյանը դրական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ նրանց զենքն ընկավ գետնին, որից հետո արդեն իրենց ծեծի ենթարկեցին: Նա պատմում էր, որ իրենց ծեծողների թվում է եղել նաև քաղաքապետի թեկնածու, Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը:

Նշենք, որ Ստեփան Աբգարյանի դեմքը հարվածներից ամբողջովին կարմրած և արյունոտ, աչքի տակը վիրակապ կար: Նրան մի քանի ժամ առաջ դուրս էին գրել հիվանդանոցից, մինչդեռ հենց հիվանդանոցի աստիճանների վրա գլխապտույտ էր ունեցել, որից հետո հետ էին բերել հիվանդասենյակ:

Քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի մոտ խիստ հսկողություն է սահմնաված և ոչ ոքի թույլ չի տրվում մտնել նրա հիվանդասենյակ: Նրա հարազատներից ասացին, որ իրենց ևս չեն թույլատրում մտնել նրա մոտ, բացառությամբ նրա եղբոր և չկարողացան որևէ տեղեկություն ներկայացնել Արթուր Թումանյանի առողջական վիճակի մասին:

Նշենք, որ չհրապարակվող աղբյուրը (Կարեն Գրիգորյանի թիմակից է) ավելի վաղ պատմել էր, որ Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպը չի ուղեկցվել փոխհրաձգություններով՝ նշելով, որ կրակոցներ հնչել են միայն Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ, որտեղից պատասխան կրակոց չի հնչել:

Ըստ աղբյուրի՝ Կարեն Գրիգորյանի և նրա թիմակիցների մոտ զենք չի եղել: Փոխարենը Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է սկսվել, Գրիգորյանի թիմակիցները խլել են հրազենը և ծեծել նրանց:

Ըսստ մեկ այլ աղբյուրի, 23:00-ի սահմաններում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից, եղել է եղբոր Արման Գրիգորյանի մեքենայում: Երթևեկությանը հակառակ կողմից Արթուր Թումանյանը մեքենայով Կարեն Գրիգորյանի մեքենայի դիմաց է դուրս եկել և կրակել նրանց ուղղությամբ:

Արթուր Թումանյանը եղել է նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդու՝ Ստեփան Աբգարյանի մեքենայում, որում ևս մեկ անձ է եղել:

Նշվում է, որ Արթուր Թումանյանը հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե հրազենային վնասվածքի հետևանքով, այլ՝ տեղի ունեցած ծեծկռտուքի: Կարեն Գրիգորյանը և նրա թիմակիցների վնասվածքներ չեն ստացել: Կարեն Գրիգորյանն այս պահին Էջմիածնում է:

Տեղեկացնենք, որ ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ նման ահազանգ ստացվել է: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և կատարել անհրաժեշտ գործողություններ: Միջադեպի բոլոր մասնակիցները հայտնի են: