Բավ է պառակտվել
18-10-2019 14:52

Հայաստանում երեխաների զանգվածային թունավորումից հետո փակվել է Արտաշատի դպրոցի ճաշարանը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում փակվել են Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանը և խոհանոցը, տեղեկացրել է տեսչական մարմնի մամլո ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հոկտեմբերի 15 -ին Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ “սննդային թունավորում” ախտորոշմամբ տեղափոխվել է քաղաքի բուժկենտրոն։ Ըստ նախնական վարկածի՝ թունավորման հավանական պատճառ է հանդիսացել դպրոցի բուֆետում վաճառվող նրբերշիկով պիցցան։ Բուֆետում կատարվել է նմուշառում, կատարվում են լաբորատոր հետազոտություններ։

Պարզվել է, որ թիվ 3 դպրոցի ճաշարանը և խոհանոցն ունեն արդիականացման և վերազինման կարիք։ Այնտեղ խախտվել են նաև բոլոր սանիտարա-հիգիենիկ նորմերը․ չի ապահովվում մաքրությունը բոլոր տարածքներում, դրանք վերանորոգված չեն, ինչը չի բացառում խաչաձև աղտոտումը, չկա տաք ջրամատակարարում, գույքը հնամաշ է։

Ճաշարանի և խոհանոցի աշխատանքը կասեցվել է, մինչև կապիտալ վերանորոգման աշխատանքների ավարտը և հայտնաբերված խախտումների վերացումը։ Պարզվել է նաև, որ Արտաշատի ավագ դպրոցում չկան հանրային սննդի կետեր։

Տեսչական մարմինը նաև դիմել է գլխավոր դատախազությանը՝ ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր առ այն, որ Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցում անցկացված վերահսկողողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել է մսի սպանդանոցային ծագումը հավաստող 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական:
Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի բուֆետից վերցված պիցցայի նմուշների լաբորատոր փորձաքննության տվյալներով՝ դրանցում պաթոգեն մանրէներ՝ սալմոնելա և ոսկեգույն ստաֆիլակոկ, չի հայտնաբերվել:
Տեղեկացվել է, որ աղիքային ցուպիկի խմբի և մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների նկատմամբ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն հաջորդ շաբաթվա սկզբին: