Բավ է պառակտվել
28-01-2021 13:07

«Երբեք երկիրը այսպիսի ծանր վիճակում չի եղել»․ Գարեգին Բ

«Երկիրը երբեք այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ այսպես անհանգստացնող, տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար, և այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պետք է գտնվեր և իր խոսքը պետք է ասեր»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե վերջին շրջանում եկեղեցին ակտիվորեն խառնվում է քաղաքականությանը, և, որ Վեհափառին քննադատում են՝ ասելով՝ ինչո՞ւ եկեղեցին նախկինում չէր խառնվում պետության գործերին, երբ երկրում բազմաթիվ խնդիրներ կային:

«Երբեք անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ անհանգստացնող ու տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար, և այս կացության մեջ եկեղեցին բնական է՝ իր առաքելության մեջ պետք է գտնվեր և իր խոսքը պետք է ասեր, իր խոսքը՝ զգաստացնող, իր խոսքը՝ պատգամի կերպով բերող», - ասաց վեհափառը:

Ամենայն հայոց կաթողիկոսը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ոչինչ չի փոխվել իր դիրքորոշումներում։
«Ես չպետք է ցանկայի այս սրբավայրում որևէ քաղաքական հարցի անդրադառնալ, մեր համոզումունքներում, մեր դիրքորոշներում որևէ փոփոխություն չկա», - ասաց վեհափառը։

Հարցին, թե արդյոք եկեղեցին չի բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը, Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանեց.
«Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից, և եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն այս կամ այն քաղաքական կուսակցության։ Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»։

Վեհափառը նշեց, որ եկեղեցին ջանքեր գործադրում է, որպեսզի կարողանա նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին։
«Քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը և պատշաճ քայլերը ձեռնարկում ենք», - ասաց վեհափառը։
Նա ասաց, որ դատապարտում են գրավված տարածքներում եկեղեցիների պղծման երևույթները և ջանքեր գործադրում, որպեսզի միջազգային հանրությունը ևս իր դատապարտության խոսքն ասի։

«Ռուսաստանի Դաշնության իշխանությանը և ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին մեր գնահատանքի խոսքն ենք ասում այն աջակցության համար, որով հնարավոր դարձավ, որպեսզի Դադիվանքն այսօր շարունակի իր առաքելությունը», - ասաց Գարեգին Բ-ն:

Հարցին՝ մենք պետականություն կորցնելու վտանգի առաջ կանգնա՞ծ ենք, թե՞ ոչ, Կաթողիկոսը պատասխանեց, թե՝ Աստված մի արասցե, իսկ ճշտող հարցին՝ ռիսկեր տեսնո՞ւմ եք, պատասխանեց.

«Ռիսկեր միշտ էլ կան: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի խոհեմ, իմաստուն ընթացքով և հայրենանվեր աշխատանքով նման վտանգները կհաղթահարվեն»: