Բավ է պառակտվել
26-08-2019 13:03

Կրակոցներ Երևանում․ծանր վիրավորվել է երկու տղամարդ

Հայաստանի Քննչական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել նախօրեին երևանյան ռեստորանային համալիրներից մեկում տեղի ունեցած զինված միջադեպի մասին։ Ինչպես տեղեկացրել է ՔԾ-ն, Շենգավիթի բաժնում իրականացված գործողությունների արդյունքում կալանավորվել է մեկ անձ։

Ըստ տեղեկատվության, նախօրեին “Էրեբունի” բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի երկու բնակիչ։ Նրանցից մեկի՝ 1976թ․ծնված քաղաքացու մոտ արձանագրվել է որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք /կլինիկական մահ/ և աջ ազդոսկրի կոտրվածք։

Փաստի կապակցությամբ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ 34-104 հոդվածի 2 մասի 2-րդ և 6-րդ կետերով (անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Ստեղծվել է քննչական խումբ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է “Մակարով” տեսակի ատրճանակից կրակված 8 հատ պարկուճ, 1 հատ 7.62մմ տրամաչափի կրակված պարկուճ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ՝ առանց գործարանային համարի, 1 թմբուկավոր ատրճանակի կրակված պարկուճ, “Մակարով” տեսակի ատրճանակից կրակված 2 գնդակ, 2 ծալովի, գաղտնի փականով դանակ: Առգրավվել են նաև դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ինչպես նաև տուժողների հագուստը: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Վերջինս ձերբակալվել է, քննությունը շարունակվում է։