Բավ է պառակտվել
28-07-2021 11:31

Կրակել են նոր ձևավորված գրեթե բոլոր սահմանագծերի ուղղությամբ․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Նա նշել է, որ հակառակորդի գործողությունները սկսվել են գիշերը, ինչի արդյունքում, հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող, ևս երեքը վիրավորվել են, նրանց վիճակը գնահատվում է նորմալ, կյանքին վտանգ չի սպառնում:

Նրա խոսքով ՝ կա նաև մեկ անհայտ կորած, որի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չկան:

«Իրավիճակը շարունակում է լարված մնալ Սոթքից մինչև լճեր Վերին Շորժայի ուղղությամբ: Կրակակոծել են մարզում պատերազմից հետո ձևավորված գրեթե բոլոր նոր սահմանագծերի ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Սանոսյանը:

Ըստ Հայաստանի Պաշտպանության նախարարության, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03: 40-ի սահմաններում, գրոհել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելքում` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Հակառակորդը փորձել է բարելավել իր դիրքերն առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, Հայաստանի զինված ուժերը պաշտպանել են իրենց դիրքերը` թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը: Պաշտպանության նախարարության տվյալներով ՝ հայկական կողմն ունի երեք զոհ և երեք վիրավոր: Ժամը 09:20-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները, կրելով կորուստներ, ետ են շպրտվել ելման դիրքեր: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի վերականգնման մասին: