Բավ է պառակտվել
09-12-2020 18:42

Փաշինյանի ավտոշարասյունն անցնում է` զենքը ցուցարարների կողմ ուղղած (տեսանյութ)

Ազգային ժողովի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց այն միտքը, որ ինքը որևէ պարագայում չի երկխոսի այն քաղաքական ուժերի հետ, ովքեր իր հետ խոսում են հարկադրանքի կամ սպառնալիքի լեզվով։ Քաղաքական լեքսիկոնով Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները նշանակում են, որ ինքը մերժում է սպառնալիքը՝ որպես քաղաքական պայքարի միջոց։ Ընդհանուր առմամբ, ընդունելի մոտեցում է, եթե Նիկոլ Փաշինյանը հետևեր նույն կանոնին և սպառնալիքի լեզվով չխոսեր։ Ընդ որում, նա սպառնալիքի լեզվով խոսում է ոչ միայն ու ոչ այնքան՝ քաղաքական ուժերի, որքան՝ սեփական քաղաքացիների հետ։

Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքացիներին ուղղված սպառնալից հայտարարություններ չի արել, նա սպառնացել է ուղղակիորեն՝ զենքով։ Համացանցում տարածվել են կադրեր՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը դուրս գալիս Պռոշյան փողոցում գտնվող կառավարական ամառանոցից։ Նրան ուղեկցող թիկնազորի անդամներից մեկն ավտոմեքենայի իջեցված պատուհանից զենքը պարզում է դեպի փողոց՝ դեպի շարասյանը հետևողներին այնպես, որ դա ոչ միայն տեսանելի լինի, այլև հնարավոր լինի նկարահանել։ Անմեղսունակություն կլինի կարծել, որ որևէ թիկնապահ կարող էր սեփական որոշմամբ նման քայլի դիմել։ Իրականում սա հատուկ մտածված քայլ է, վստահաբար՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով, որպեսզի հասարակությունը տեսնի զենքով, իրական զենքով զինված թիկնապահին։ Այս ուղերձով Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղիղ, առանց որևէ այլևայլության ասում է՝ կկրակեմ։

Ճակատագրի հեգնանքով նման քայլի է դիմում մեկը, ով քաղաքական կարիերա է արել Մարտի 1-ի զոհերի շահարկմամբ։ Հիմա նա տեղեկացնում է, որ, եթե իշխանության է հասել քաղաքացիների մահը շահարկելով, ապա իշխանությունը կարող է պահպանել՝ սպանելով։

Նրա հաշվարկով՝ քաղաքացին այս ուղերձից պետք է եզրակացնի՝ Նիկոլ Փաշինյան․ մահացու վտանգավոր է։