Բավ է պառակտվել
11-07-2022 20:13

Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը կասեցվել է. ՇՄ նախարարություն

Այս պահին Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը կասեցված է, տեղեկանում ենք Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։ Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին, հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է, դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո։

Նածարարությունից նաև հիշեցրել են, որ Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։ Գերատեսչությունն ընդգծել է, որ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։
«Նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզարակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո։»,- ասվում է հայտարարությունում։

Հուլիսի 9-ին տեղի ունեցավ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանի կառուցման մեկնարկի արարողությունը։ Ավելի ուշ Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան կոչ արեց ՀՀ կառավարությանը դադարեցնել նախագիծը։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նույնպես քննադատել է նախագիծը և պահանջել դադարեցնել արձանի շինարարության աշխատանքները։